Մինչ այս տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Այս նախագիծը ներկայացնելով ԱԺ պատգամավորները հիմնավորել էին, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության ոլորտում առավել հաճախ կիրառվող որոշակի հասկացությունների օրենսդրական հստակեցման միտումով։ Օրենքի նախագծով սահմանվում են «սովորող» եւ «կրթության որակ» տեմինները։
Խնդիրն այն է, որ կրթությանն առնչվող գրեթե բոլոր փաստաթղթերում խոսվում է կրթության կազմակերպման արդյունավետության եւ որակյալ արդյունքի մասին։ Մինչդեռ դրանք ենթադրում են կոնկրետ իրողություններ, ցուցանիշներ, որոնք պետք է համապատասխանեն տվյալ հասարակարգի նպատակներին ու պահանջներին։ Ընդհանուր առմամբ երբ փորձում ենք մեկնաբանել կրթության որակը, ենթադրում ենք համապատասխան հանրակրթական կամ մասնագիտական կրթության պետական չափորոշչի նվազագույնի ապահովում։ Սակայն որակի ցուցանիշները ժամանակի զարգացումներին զուգընթաց փոխվում են։ Երբեւէ որակ չի նշանակել անթերի կրթություն եւ շրջանավարտ, որի կրթությունը կազմակերպվել է «գիտելիքատվության» պայմանով եւ տրված ծավելները յուրացնելը երեխայի լուծելիք խնդիրն է։ Որակյալ կրթություն նշանակում է, որ տվյալ երկիրը կրթության միջոցով կարողանում է հիմնականում հասնել իր սահմանած նպատակներին, իսկ մանկավարժական աշխատողները կարողանում են սովորողին հասցնել սահմանված արդյունքներին։ Օրենքի նախագծի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մոտեցումները, որը սահմանում է կրթության որակի հինգ ուղղություններ՝ սովորողի անհատական կարիքները հաշվի առնելը, միջավայրը, ուսուցման բովանդակությունը, գործընթացը եւ արդյունքը։ Դրանք ուղղություններն են, որոնցից յուրաքանչյուրը ենթադրում է որակի տվյալ բաղադրիչի գնահատման համապատասխան չափանիշներ։
Այս եւ մյուս ձեւակերպումների համար հիմք է ընդունվել Կրթություն բոլորի համար հռչակագիրը եւ մի շարք այլ կոնվենցիաներ։ Նախագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում ընդունված փաստաթղթերը, միջազգային փորձը եւ անկախ փորձագետների կարծիքները։
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի, կրթության մասնակիցների (սովորողի) եւ կրթության գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրագործումը եւ արդյունավետության գնահատումը։