Եթե ուժը կորցրած է համարվել կամ կորել է ձեր վարորդական վկայականը

Անձի վարորդական վկայականը համարվում է ուժը կորցրած, եթե`

ա) օրինական ուժի մեջ է մտել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը.

բ) առկա է նրա հոգեկան հիվանդության վերաբերյալ և (կամ) առողջական վիճակը օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու մասին իրավասու մարմնի եզրակացությունը.

գ) նա մահացել է.

դ) լրացել է վարորդական իրավունքի գործողության ժամկետը.

ե) վարորդական վկայականը կորել է, և դրա տերը դիմել է` սահմանված կարգով նոր վկայական ստանալու համար կամ իրազեկել է կորստյան մասին:

Վարորդական վկայականի գործողությունը դադարում է օրենքով սահմանված կարգով վարելու իրավունքից զրկելու մասին դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ մինչև դրանում սահմանված ժամկետի ավարտը:

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների տված վարորդական իրավունքի վկայականը կորցնելու, ինչպես նաև փոխանակման դեպքերում դրա տնօրինողին օրենսդրությամբ սահմանված կարգով նույն կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի նոր վկայական է տրվում առանց որակավորման քննություններ հանձնելու:

 «Ա» և «Բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնելու անձի վարորդական վկայականը:

Օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց վարորդական վկայականները վերադարձվում են զրկման ժամկետը լրանալուց կամ օրենքով սահմանված կարգով կրճատվելուց հետո` որակավորման քննությունները հանձնելուց հետո:

 Այս մասին է նշվում Ճանապարհային երթևեկության ապահովման մասին օրենքում:

Վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, ինչպես նաև վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին ՀՀ կառավարության N 1158-Ն որոշման համաձայն` կորած վարորդական վկայականի կրկնօրինակն ստանալու համար անձը քննական մարմին է ներկայացնում դիմում, անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին, և դրանց պատճենները (պատճենները ներկայացվում են միայն տեսական քննության ժամանակ), բժշկական հավատարմագրման տեղեկանք, վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: Կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու դեպքում տվյալները գրանցվում են վարորդական վկայականներ տալու մատյանում և անձին իր իսկ ցանկությամբ տրվում է ժամանակավոր վարորդական վկայական` մինչև 15 օր ժամանակով: Փաստաթղթերը քննական մարմին հանձնելու օրվանից 15 օր անց, եթե քննական մարմնի կողմից կատարված հարցումներով պարզվում է, որ անձը զրկված չէ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, կամ նրա վարորդական վկայականը վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ չի գտնվում վարույթ իրականացնող մարմնում, կորած վարորդական վկայականի կրկնօրինակը տալու տրման համար տվյալները մուտքագրվում են համակարգիչ, որից հետո անձն անմիջապես լուսանկարվում է համակարգչային տեխնիկայի միջոցով, և նրան մեկ աշխատանքային օրվա ընթացքում հատկացվում է հերթական համարի վարորդական վկայական:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել