Աղջիկ փախցնելու համար չորս ընկերը դատապարտվեցին

Արմավիր մարզի բնակիչ 26-ամյա Արմեն Երանյանը 2015 թվականի  հունիսին ծանոթացել է Արագածոտնի մարզի բնակչուհի Քրիստինեի հետ (անունը փոխված է)  և զանգահարել նրան։ Մեկ ամիս անց աղջիկն Արմենին հայտնել է, որ չի ցանկանում շփվել նրա հետ։ Հոկտեմբերին աղջիկն իր քրոջ հետ գնացել են Մեծամոր քաղաք` մի քանի օր իրենց հորաքրոջ տանը մնալու նպատակով։ Այդ ընթացքում նրանց այցելել է նաև հորաքրոջ ընտանիքի անդամների հետ մտերիմ Արմեն Երանյանը։

Հոկտեմբերի 3-ին Արմենն իմանալով, որ Քրիստինեն պետք է հորաքրոջ տանից գնա Երևան, նրա հետ ամուսնության նպատակով նրան առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել իր ընկերներ 25-ամյա Արշալույս  Մելքոնյանի,  19-ամյա Ռոման  Խաչատրյանի ու 23-ամյա Սարգիս Գևորգյանի հետ։

Ժամը 15:30-ի սահմաններում ավտոմեքենայով մոտեցել են կանգառին, որտեղ աղջիկը քրոջ հետ կանգնած է եղել:

Սարգիսը ավտոմեքենան մոտեցրել է ավտոկանգառին և կանգնել, իսկ Ռոմանն ու Արշալույսը մոտեցել են Քրիստինեին և  թիկունքից ու ոտքերից բռնելով վեր են բարձրացրել և նրա կամքին հակառակ նրան նստեցրել են ավտոմեքենան և տեղափոխել Արմենի մորաքրոջ տուն, պահել այնտեղ: Աղջիկն Արմենին ու նրա մորաքրոջ ընտանիքին հայտնել է, որ չի ցանկանում ամուսնանալ նրա հետ:

Այնուհետև տղաները ներկայացել են ոստիկանություն, քանի որ արդեն իսկ իմացել են, որ Քրիստինեի քույրը դիմել է ոստիկանություն:  Դատավարության ընթացքում չորս տղաներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել ու հայտնել, որ զղջում են կատարած հանցանքների համար, դատարանից խնդրել են իրենց ներել և իրենց նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված մեղմ պատիժներ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ, չորս տղաներին էլ դատապարտել է 4 տարվա ազատազրկման, սակայն կիրառել է նաև Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պատիժը պայմանականորեն չկատարելը, և նրանց հանդեպ 2-3 տարի փորձաշրջան է սահմանել:

Մեղադրող դատախազը սակայն դատավճռի դեմ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան՝  պահանջելով չկիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և պատիժ նշանակել ազատազրկման ձևով: Գործը քննվում է վերաքննիչ դատարանում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել