Վճռաբեկ դատարանի որոշումը՝ կանգառ կատարելու կանոնները խախտման վերաբերյալ

ՃՈ-ն 24.01.2014 թվականի թիվ 1401324293 որոշման համաձայն` Արման Մարտիրոսյանը «VOLKSWAGEN» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ խաչմերուկի հատվածում խախտել է կանգառ կատարելու կանոնները, որի արդյունքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն, տուգանվել է 5.000 ՀՀ դրամի չափով:

Դիմելով դատարան` Արման Մարտիրոսյանը պահանջել է վերացնել տուգանքի ակտը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Մելքումյան) 24.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.04.2015 թվականի որոշմամբ Արման Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.11.2014 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում տեսանյութը կամ լուսանկարը բավարար են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստը հաստատված համարելու և նույն հոդվածի սանկցիայի կիրառմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ օրենսդիրը տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվություն նախատեսել է միայն այն դեպքերում, երբ կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտումով կանգառ կամ կայանում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված չէ՝

  1. տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետ, կամ
  2. վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ:

Այլ կերպ ասած՝ իրավախախտման դեպքի (զանցանքի) առկայության համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու, ինչպես նաև կանգառի և (կամ) կայանման կանոնի խախտելը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված չլինելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Այսինքն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու փաստի առկայության պարզումն ինքնին բավարար չէ անձին տուգանելու համար, այլ նշված հոդվածի դիսպոզիցիայով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող վարչական մարմինը (պաշտոնատար անձը) հիշյալ փաստը պարզելու հետ միաժամանակ պետք է պարզի նաև` արդյո՞ք տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ և դրանից հետո միայն գործով կայացնի համապատասխան որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն՝ առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տե´ս, Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված իրավախախտման փաստի ապացուցման հիմնախնդրին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված վարչական վարույթի իրականացման գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում իրավախախտման փաստը համարվում է հաստատված, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Նշված հանգամանքով պայմանավորված՝ օրենսդիրը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի համար նախատեսել է միայն երկու փուլ՝ իրավախախտման հատկանիշների պարզման (հարուցման) և վարչական ակտի ընդունման (եզրափակիչ) փուլերը: Նշված վարչական վարույթում ընթացիկ փուլի բացառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների ակնհայտ համընկնման, այդ համընկման վերաբերյալ որևէ կասկածի կամ վերապահման բացակայության պայմաններում հաստատվում է իրավախախտման փաստը, և բացակայում է նաև իրավախախտման հետ կապված այլ հանգամանքների պարզման, հետևաբար նաև՝ ընթացիկ փուլի անհրաժեշտությունը:

Մինչդեռ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով որևէ իրավակարգավորում նախատեսված չէ այն դեպքերի համար, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում, ինչն անհրաժեշտություն է առաջացնում պարզելու կանգառ կատարելու անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված լինելու հանգամանքը: Օրենսդրական համապատասխան կարգավորման բացակայության պարագայում վարչական մարմինը զրկված է այդ կասկածը փարատելու նպատակով ապացույցներ ձեռք բերելու և դրանք գնահատելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված արարքը կարող է խախտում որակվել միայն այն դեպքում, երբ վարչարարության արդյունքում կբացառվեն նույն իրավանորմում թվարկված՝ կանգառի անհրաժեշտությունը տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքները: Ընդ որում, նշված հանգամանքները ենթակա են պարզման մինչև վարչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության մասին որոշում կայացնելը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների կասկած հարուցելու դեպքերի վերաբերյալ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով համապատասխան կարգավորումների բացակայության պայմաններում այդ դեպքերով վարչական վարույթների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Ըստ դատարանի՝ հարկադրված կանգառի դեպքում տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը միացրած լինելու պահանջը տրանսպորտային միջոցի վարորդի կողմից չկատարելը միանշանակ չի կարող հիմնավորել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված իրավախախտման առկայությունը, քանի որ տրանսպորտային միջոցի վթարային լուսային ազդանշանը չմիացնելը դեռևս չի բացառում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտման՝ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակով, կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակով պայմանավորված լինելու հանգամանքը:

Վերոնշյալ հիմնավորմամբ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշել էՃՈ-ի Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.04.2015 թվականի որոշումը թողնել անփոփոխ սույն որոշման պատճառաբանություններով:

Դատարանի որոշումն ամբողջությամբ կարող եք գտնել՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել