ԱԺ-ն ընդունեց նոր օրենքը. ԵՏՄ-ից մեքենա ներկրողները ԱԱՀ չեն մուծի

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում մի շարք փոփոխությունների նախագծային փաթեթն այսօր ընդունվեց Ազգային ժողովի կողմից` 103 կողմ և ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ըստ նախագծային փաթեթի` այս փոփոխությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ:

Նախագծի հեղինակների (մի քանի պատգամավորների և կառավարության) համոզմամբ` ԵՏՄ-–ն հանդիսանալով մեկ միասնական ընդհանուր տնտեսական տարածք, ենթադրում է դրանում ապրանքների, ռեսուրսների եւ կապիտալի ազատ տեղաշարժ: Նշված սկզբունքն ամրագրված է նաեւ ԵՏՄ իրավապայմանագրային փաստաթղթերում:

Այս տեսանկյունից, Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկի գանձումը, ըստ հեղինակների, հակասում է այդ սկզբունքին, քանի որ ԵՏՄ անդամ հանդիսացող պետությունում հիշյալ ավտոմեքենաների համար արդեն իսկ ԱԱՀ-ն վճարված է:

Ուստի, նախագծով առաջարկվում է վերացնել այդ հակասությունը եւ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք:

Օրենքով նախատեսվում է հետևյալ փոփոխությունները`

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ – 118 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի «ավտոմեքենաներ» բառից հետո լրացնել «բացառությամբ` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ավտոմեքենաների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի 2-րդ պարբերությունից հանել «,կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների մասով» բառերը:

Ի դեպ, եզրակացության մեջ շեշտվում է` Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ով չեն հարկվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ավտոմեքենաների ներմուծման գործարքները: Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Հավելենք նաև, որ այս օրենքը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այն դեռ պետք է ստորագրի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել