ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 668-Ն որոշմամբ սահմանված են զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը` ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, ինչպես նաև պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը:
Մասնավորապես, կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվում է պարգևավճար` 8000 դրամի չափով:
Միաժամանակ, կախված մի շարք հանգամանքներից, տարբերակված չափ է սահմանված նաև աշխատանքային կենսաթոշակ ստացող ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցների համար (հիմնականում):
Մասնավորապես`
- եթե անձը ստանում է աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) և հաշմանդամ է դարձել ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակցելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, ապա պարգևավճարի չափը սահմանված է 12000 դրամ (ընդամենը՝ 553 անձ),
- հաշմանդամ են դարձել հետագայում, ապա պարգևավճարի չափը սահմանված է 7000 դրամ (ընդամենը՝ 2 անձ),
- եթե չունի հաշմանդամություն, ապա պարգևավճարի չափը սահմանված է 5000 դրամ (ընդամենը՝ 717 անձ):
Կատեգորիաներում ներառված են ՀՄՊ մասնակիցները, ինչպես նաև Աֆղանստանում մարտական գործողությունների մասնակիցները:
Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաև ելնելով զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների համակարգը պարզեցնելու նպատակից՝ կառավարությունն այսօր համապատասխան փոփոխություններ կատարեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ:
Նիստին հաստատված նախագծով նախատեսվում է.
- զինվորական կենսաթոշակ ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարի չափը սահմանել 12000 դրամ, 8000 դրամի փոխարեն,
- աշխատանքային կենսաթոշակ (նպաստ) ստացող՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին կամ այլ պետություններում ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողությունների մասնակիցներին տրվող պարգևավճարների չափերը սահմանել 12000 դրամ (5000 դրամի, 7000 դրամի և 8000 դրամի փոխարեն):
Իրավական ակտուժի մեջ կմտնի 2016 թվականի ապրիլի 1-ից: