Նոր օրենքի առաջարկ Շվեդիայում. «իրավաբանական աբորտի» իրավունք տղամարդկանց

Շվեդիայի Լիբերալ կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները առաջարկել են «իրավաբանական աբորտի» իրավունք տալ տղամարդկանց, որը հնարավորություն կտա նրանց հրաժարվել երեխայի հայրությունից: Այս մասին տեղելացնում է The Independent-ը:

Համաձայն առաջարկի, որը արվել է կուսակցության կին անդամների կողմից, տղամարդիկ, ովքեր չեն ցանկանում հայրանալ, պետք է այդ մասին տեղեկացնեն 18 շաբաթվա ընթացքում, որի ժամանակ կնոջը թույլատրվում է ընդհատել հղիությունը: Սա ենթադրում է, որ եթե կինը չընդհատի այն, տղամարդը ոչ մի իրավական պատասխանատվություն չի ունենա երեխայի նկատմամբ:

Խմբի ղեկավար Մարկ Նիլսենը նշել է, որ նախագծի շնորհիվ կնոջ և տղամարդու իրավունքները կհավասարվեն, ինչպես նաև այն հնարավորություն կտա կանանց հղիության սկզբնական շրջանում իմանալ՝ արդյոք տղամարդը երեխայի նկատմամբ պատասխանատվություն ստանձնելու է թե ոչ:

«Սա նշանակում է, որ տղամարդը իրավունք կունենա հրաժարվել իր ծնողական պարտականություններից: Մենք կարծում էինք, որ այս հարցը արժանի էր քննարկման, սակայն արձագանքների ճնշող մեծամասնությունը պահպանողական էին, և որոշ մարդկանց կարծիքով առաջարկի ընդունումը սպառնալիք կհանդիսանա ընտանիքի համար»,- հավելել է Նիլսենը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը արժանացել է բացասական գնահատականների, ավելին, Facebook-ի օգտատերերից մեկը իր էջում նշել է, որ խմբի անդամներին պետք է «շարել և գնդակահարել», ենթադրվում է, որ նախաձեռնությանը հետագա ընթացք չի տրվի:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել