«Wi-Fi»` շուրջ 344 հեռավոր գյուղերում

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N7963-AM վարկային համաձայնագրի շրջանակում իրականացվում է ՀՀ գյուղական բնակավայրերում անլար ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագիրը, որով ՀՀ շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր:

Ծրագրի իրականացումը նպաստում է ՀՀ գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից՝ Wi-Fi մոդեմով ապահովված իրենց սարքերով (օրինակ` դյուրակիր կամ պլանշետային համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ և այլն):

Ծրագրի շրջանակում 344 անլար (Wi-Fi երթուղիչ) ինտերնետ սարքավորումների գնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» (ԱՖԾԿԿ) ՊՀ-ի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամը: Վերջինս պայմանագրով սահմանված ժամանակացույցով իրականացրել է սարքերի տեղադրումն ընտրված գյուղերի հանրային վայրերում, ինչպես նաև ապահովել է ինտերնետի մատակարարումը` յուրաքանչյուր սարքի տեղադրման օրվանից հաշված առնվազն 12 ամիսների ընթացքում:

Առաջին մեկ տարին ինտերնետը մատակարարի կողմից տրամադրվել է անվճար, իսկ հետագա տարիներին նախատեսվում է, որ վճարող կհանդիսանան տվյալ սարքերի սեփականատերերը՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ի սկզբանե ապահովել են սարքերի տեղադրման վայրերը, դրանց անխափան էլեկտրաէներգիայով սնուցումը, ինչպես նաև դրանց պահպանությունն ու անվտանգությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը` ծրագրի շրջանակում ձեռք բերված սարքավորումները ՀՀ  մարզպետարանների կողմից որպես պետական սեփականություն ընդունելու, համապատասխան համայնքներին նվիրաբերելու, ինչպես նաև՝ կնքվելիք նվիրաբերության պայմանագրերում ծրագրի ավարտին հաջորդող երկու տարիների ընթացքում նվիրաբերվող անլար երթուղիչների համացանցին միացման, ինտերնետի առկայության և բնակչության հասանելիության, ներառյալ՝ նվիրաբերվող անլար երթուղիչների անխափան աշխատանքի և էլեկտրական սնուցման ապահովման համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների վերաբերյալ պայմաններ նախատեսելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի շրջանակներում գնված գույքը ընդունելու, ծրագրով ընտրված համայնքներին նվիրաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Այս որոշումը ներկայացված է ՀՀ կառավարության մարտի 10-ի նիստին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել