Կալանավոր պահելը չափազանց մեծ եկամտաբեր բիզնես է

«Կալանավոր պահելը չափազանց մեծ եկամտաբեր բիզնես է»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է ակտիվիստ Վարդգես Գասապրին, որ երկու անգամ կալանավորվել է և որոշակի ժամանակ անցկացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 2008 և 2016 թվականներին: Վերջին անգամ դեռևս կալանքի տակ գտնվելու ժամանակ նա ահազանգեց կալանավայրում բռնությունների ենթարկվելու մասին:

Վերջին անգամ փետրվարի 19-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի կողմից՝ դատական նիստին չներկայանալու պատճառով: Նրա իսկ նախագահությամբ քննվում էր մեկ այլ դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար մեղադրվող Գասպարիի գործը:

Վ. Գասպարին պատմում է, որ  մինչ կալանավորումը բողոքել է դատարանի անօրինական գործողությունների դեմ և, որպես բողոքի նշան, դատական նիստերը բոյկոտել է: Կալանավորումից ազատ արձակվելուց հետո սակայն ներկայացել է դատական նիստին. «Այսինքն,  կարելի է ասել դատավորը հասավ իր նպատակին: Կարողացան փոխել իմ գործելաոճը: Բնական է, դա (նկատի ունի կալանավորումը,- հեղ.) հետք թողնում է, կարող է ևս մեկ անգամ էլ կալանք կիրառի, օրինականություն պահանջելը կարող է թանկ նստել և ևս մեկ անգամ կարող եմ կտտանքների ենթարկվել: Եվ ես հանդուրժեցի այդ անօրինականությունը, փաստը կարելի է արձանագրել»:

Իրավաբան.net-ի հետ զրույցում իրավապաշտպան, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը նշում է. «Վստահ եմ, որ այն ինչ Գասպարին նշում է, այդպես էլ եղել է: Երբ չեն կարողանում դրսից ազդել, փորձում են խցակիցների միջոցով ազդել անձանց վրա»:

Ի դեպ, դիտորդ խմբի անդամները հենց կալանավայրում այցելել էին Գասպարիին, ով սակայն հրաժարվել էր խոսել, թուղթ-գրիչ էր խնդրել, հայտարարություն գրել և խնդրել նրանց տարածել: Այդ հայտարարության մեջ նա սլաքներ էր ուղղել նաև դիտորդական խմբի դեմ. « Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել»:

Այս հայտարարության վերաբերյալ Ռոբերտ Ռևազյանը միայն հայտնեց. «Նա խնդրել էր, որ տարածենք այդ գրությունը, ինչը մենք արել էինք: Կոնկրետ իմ դեպքում ես կարող եմ ասել, որ 2013 թվականին եղել եմ խմբի ղեկավարը և եթե նայեք այդ թվականի զեկույցը, կտեսնեք, որ իր նշած խնդիրների մասին մենք բարձրաձայնել էինք, խորքային մեծ վերլուծություն է եղել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու՞ իրավիճակը չի փոխվում, բոլորովին չեմ ուզում արդարանալ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մենք ոչ ոստիկանություն ենք, ոչ էլ քննչական մարմիններ ենք՝ և բացի խնդիրները հրապարակային դարձնելը, այլ լծակներ չունենք՝ վարույթ հարուցելու, քննություն կատարելու»:

Անդրադառնալով կալանավայրերում խոշտանգումների հարցերին, Ռ. Ռևազյանը նշում է, որ նման վերջնական արդյունքում որևէ մեկը չի պատժվում արարքի համար՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով. «Քննությունն այսպես է արվում. Խոշտանգման վերաբերյալ հայտարարություն եղավ, խցակիցներին հարցնում են «Դուք խոշտանգե՞լ եք, ծեծե՞լ եք նրան», ասում են՝ «Չէ, մատով էլ չենք կպել»: Հերթապահներին են հարցնում՝ ձայներ լսե՞լ եք, պատասխանում են՝ չենք լսել,  ու հարցը փակված է»:

Ռ. Ռևազյանը օրինակ է բերում, երբ նույնիսկ խոշտանգված անձի կնոջ վկայության, նրա մարմնի վրա հայտանաբերված վնասվածքների վերաբերյալ բժշկի արձանագրության առկայության պարագայում որևէ մեկը չի պատժվել.

«Քրեակատարողական հիմնարկում որևէ մեկը չի ասի, որ ես տեսել եմ՝ Պողոսին ծեծել են: Կա ենթամշակույթ, չգրված օրենք, որ եթե ասի, թե ծեծել են, այդ անձն ավելի վատթար վիճակի մեջ կհայտնվի, քան նա, ում ծեծել են: Պաշտպանության երաշիքներ էլ չկան: աՀիմնարկի աշխատակիցներն էլ չեն ասի, որ ծեծի ձայներ լսել ենք, բայց չենք միջամտել: Ապացույցներ ձեռք չեն բերվել, և գործը փակված է»,- նշում է Ռ. Ռևազյանը:

Ինչ վերաբերում է Գասպարիի դեպքին, նրա պաշտպան Տիգրան Եգորյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է. «Մենք պաշտոնապես դատարանում տեղեկացանք, որ նյութեր են նախապատրաստվում՝ խոշտանգումների մասին հայտարարության կապակցությամբ»: Սակայն փաստաբանին մտահոգում է այն հանագամանքը, որ ահազանգից հետո պատասխանատու մարմինները գրեթե հերքում էին եղելությունը:

Այնինչ, փաստաբանի խոսքով, հասարակությունն այս մարմիններից ակնկալում էր այլ պատասխան. «Պատասխանտու մոտեցումը կլիներ այն, որ բոլոր միջոցները կձեռնարկենք այդ հարցը արագ և թափնացիկ հետաքննելու կամ քննելու համար: Իսկ այն, ինչ մենք տեսանք, հստակ ցուցիչ է նրա՝  ամեն ինչ անելու ենք, որպեսզի ոչինչ չպարզվի, և կանխավարկածն այն է, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ տեղի չի ունեցել: Եթե նույնիսկ տեղի է ունեցել, ապա խնդիրը խցակիցների հետ, դա մեր գործը չէ: Սա, իհարկե, մեղմ ասած, ապշեցնող է»:

Տ. Եգորյանը նշում է նաև, որ այս գործով թեև չեն ակնկալում, որ արդյունավետ քննություն է իրականացվելու, սակայն սպառելու են ներպետական բոլոր միջոցները և արդյունքի չհասնելու դեպքում դիմելու են Եվրոպական դատարան:

Խոշտանգումների վերաբերյալ Վարդգես Գասպարիի զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել