Կառավարության վաղվա նիստի օրակարգ քիչ առաջ ընդգրկվեց մի շարք օրենքների և օրենսգրքերի նախագծային փաթեթը: Այս փաթեթում ներառվել նաև Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը: Փաթեթը կառավարության վաղվա նիստին կներկայացնի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Ընտրական օրենսգրքի նախագծի հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կառավարության հիմնավորումների մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հիմքում որպես առաջնային համարվող և սահմանադրական լուծումների մակարդակում սկզբունքային նոր մոտեցումների որդեգրման կարիք ունեցող հիմախնդիր դիտարկվել էր նաև ընտրական համակարգի և հանրաքվեի ինստիտուտի բարեփոխումները, որը պետք է երաշխավորի իշխանության ընտրովիության, հաշվետվողականության, փոփոխելիության, ժողովրդավարական գործընթացների անխափանությունը և առավել վստահելի ընտրական համակարգի ներդնումը: Արդյունքում` հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով հստակ ամրագրվել է ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները՝ ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ, սահմանվել է քաղաքացու՝ ընտրելու և ընտրվելու հիմնական իրավունքները և այդ իրավունքների սահմանափակման դեպքերը, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրվել են ընտրական գործընթացներին վերաբերող այլ դրույթներ և մոտեցումներ: Իսկ նոր մոտեցումները կյանքի կոչելու և Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին հասնելու համար մշակվել է ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից` համաձայն որոնց` ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016 թվականի հունիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում: Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները: Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծով ամրագրված դրույթներով մեկից ավելի անգամ քվեարկելը բացառելու ավելի առանցքային հնարավորություններ են ամրագրվել, մասնավորապես` ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրողների գրանցման փուլի կանոնակարգումները։ Նշված բոլոր գործառույթներն իրականացվում են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար բաց և վերահսկելի պայմաններում:
Նոր ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը: Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, Հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական և տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից: ՀՀ տարածքը բաժանվում է 13 ընտրական տարածքների` յուրաքանչյուր մարզ ներկայացնում է մեկ տարածք, իսկ Սյունիքը և Վայոց ձորի մարզերը դիտարկվում են համատեղ մեկ տարածք, Երևան քաղաքը բաժանվում է 4 տարածքների: Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցությունների դաշինք առաջադրում է թեկնածուների մեկ համապետական ընտրական ցուցակ և մեկական տարածքային ընտրական ցուցակ յուրաքանչյուր տարածքի համար: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում կուսակցության ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր կուսակցություն, կուսակցության դաշինք տարածքային ընտրական ցուցակում իրավունք ունի առաջարկելու թեկնածուներ, ընդ որում նախատեսվում է առաջարկել առնվազն 5 թեկնածու` յուրաքանչյուր 10 000 ընտրողի հաշվարկով մեկ թեկնածու: Համապետական ընտրական ցուցակը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը ընդհանուր կուսակցության ընտրական ցուցակն է, որում պետք է ընդգրկված լինեն թեկնածուները բոլոր տարածքներից, ինչպես նաև կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության, դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի անդամ չհանդիսացող անձինք: Յուրաքանչյուր ցուցակ պետք է ունենա փոքր հատված` երկրորդ մաս, որը վերաբերում է ազգային փոքրամասնություններին:
Կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն իրենց համապետական ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկված թեկնածուներից կազմում են տարածքային ընտրական ցուցակներ: Յուրաքանչյուր թեկնածու կարող է ընդգրկվել միայն մեկ տարածքային ընտրական ցուցակում:
Յուրաքանչյուր ընտրող ընտրում է կամ կուսակցությունը կամ կուսակցության ընտրական ցուցակից կոնկրետ թեկնածու: Եթե կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուն ձայն է ստացել, ապա այդ ձայնը միաժամանակ հաշվվում է նաև կուսակցության օգտին:
Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն` կուսակցության դեպքում` 5, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 7 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Կուսակցությունների մանդատների ուղիղ կեսը համապետական ցուցակներից է ընտրվում, ուղիղ կեսը տարածքային ցուցակներից:
Ընտրական արգելապատնեշները հաղթահարած ցանկացած կուսակցություն, կուսակցությունների դաշինք կարող է քաղաքական կոալիցիա կազմել ընտրական արգելապատնեշները հաղթահարած այլ, առավելագույնը երկու կուսակցությունների (դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը ստանալու համար:
Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները: Եթե առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները միասին նոր դաշինք են կազմում, ապա երկրորդ փուլին մասնակցելու իրավունք է ստանում առավելագույն ձայներ ստացած, նոր դաշինքի կազմի մեջ չմտնող հաջորդ կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, որի շուրջ ևս կարող է ձևավորվել նոր դաշինք:
Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների ընդհանուր թվի 54 տոկոսը կամ ավելին, ապա նրանք պահպանում են ստացված մանդատները:
Եթե երկրորդ փուլում հաղթում է նոր դաշինքը, որի անդամ կուսակցությունները միասնաբար առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 2/3-ից ավելին, ապա մյուս կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները ստանում են այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում նրանց մանդատների ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի մանդատների ընդհանուր թվի 1/3-ը կամ ավելին:
Երկրորդ փուլում հաղթած կուսակցությունը (դաշինքը) կամ նոր դաշինքը, որը (որի անդամ կուսակցությունները միասնաբար) առաջին փուլի արդյունքներով ստացել են մանդատների 54 տոկոսից պակաս ձայներ, ստանում է այնքան լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում այդ կուսակցության, կուսակցությունների դաշինքի մանդատների տոկոսի ամբողջ մասը հավասար լինի 54 տոկոսի:
Քվեարկության 2-րդ մասն ունի կարևոր նորամուծություններ: Առաջին` յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է առանձին գույնի քվեաթերթիկներ, որը հնարավորություն կտա չխառնել քվեաթերթիկները մյուս կուսակցությունների քվեաթերթիկների տրցակներին քվեարկության ամփոփման փուլում: Երկրորդը` քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ տեղակայված դակիչին, դակում է ծրարը, որից հետո հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքի նախագծի նովելներից մեկն էլ վերաբերում է ընտրողի ինքնությունը ստուգելուն, ընտրողների գրանցմանը: Մասնավորապես սահմանվել է, որ ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ և լիազորված քվեարկությունն արգելվում է: Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին: Մասնագետը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ներմուծում այն ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքի մեջ: Եթե ընտրողը որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացրել է նույնականացման քարտը կամ կենսաչափական անձնագիրը, գրանցվում է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում և եթե առ այդ պահը անձը հաստատող որևէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է տվյալ ընտրողի նկարը և էկրանի վրա վառվում է կանաչ լույս: Այն դեպքում, երբ էկրանին վառվում է կանաչ գույնի ազդանշան, ապա ավտոմատ կերպով տպվում է քվեարկության կտրոն, որի վրա գրվում է ընտրողի անունը, ազգանունը, ընտրողների ցուցակում հերթական համարը, անձը հաստատող փաստաթղթի համարը, կտրոնի հերթական համարը: Մասնագետը տպագրված քվեարկության կտրոնը փոխանցում է հանձնաժողովի ընտրողների գրանցումն իրականացնող համապատասխան անդամին և փոխանակվում է քվեաթերթիկի և ծրարի հետ:
Եթե ընտրողը գրանցված չէ տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում, ինչպես նաև իր որևէ անձը հաստատող փաստաթղթով արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա վառվում է թարթող կարմիր լույսը: Այդ դեպքում ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից, հանձնաժողովի նախագահը ընտրական տեղամաս է հրավիրում ոստիկանության աշխատակիցներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումները:
Կարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը: Առաջարկվում է, որպեսզի նույն սկզբունքը, որը ընդունված է Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, նույն սկզբունքը կիրառվի նաև Վանաձորում և Գյումրիիում: Ընդ որում, առաջարկվում է, որ երկու քաղաքներում էլ ավագանու կազմը լինի 33 հոգի:
Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների ցուցակները ճշտելու կարգի վերաբերյալ նույնպես նոր մոտեցումներ են որդեգրվել, որը վերաբերում է ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերը լուծելու կարգին: Նախկին կարգավորումներով վեճերը լուծվում էին միայն դատական կարգով, իսկ ներկայացված նախագծով հնարավորություն է տրվելու նաև բողոքարկել վերադասության կարգով:
Իրավաբան.net