2016 թվականի փետրվարի 27-28-ը տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային իրավունքի վերաբերյալ, որին մասնակցում էին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորները, օգնականները, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Քեյթ Պոչապսկին, ԵԱՀԿ երևանյան գրասենյակից` մարդու իրավունքների գծով պատասխանատու Ռադկա Ռուբիլինան և իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ դատական դեպարտամենտը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը մատնանշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակն աջակցում է ընթացիկ դատաիրավական բարեփոխումներին: Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի համատեղ ջանքերը կնպաստեն արդարադատության կանխատեսելիության և իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Ողջունելով ներկաներին` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը նշեց, որ մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ պալատի որոշումները հսկայական ազդեցություն ունեն ոչ միայն դատական պրակտիկայի, այլև ողջ քրեական արդարադատության գործընթացների վրա: Այդ առումով դատավորների իմացությունը կարևորվում է: Այդ նպատակով ԵԱՀԿ աջակցությամբ դատավորների համար կազմակերպվում է սեմինարների շարք, որը նպատակ ունի առաջին ատյանի դատավորներին ծանոթացնել Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորվող նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Արմեն Հովհաննիսյանը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի օգնականներ Ժենյա Ստեփանյանը, Տաթևիկ Սուջյանը և ավագ օգնական Անի Դանիելյանը ներկայացրին ՀՀ վճռաբեկ դատարանի 2014-2015 թվականների նախադեպային առանձին որոշումներ, որոնք հիմնարար նշանակություն կարող են ունենալ իրավակիրառական պրակտիկայի համար:
ՀՀ Սահմանադրության փոփոխություններով ամրագրված քրեադատավարական բնույթի նոր կարգավորումների կիրառման հիմնահարցերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ քննարկում ծավալելով գործողության մեջ մտած սահմանադրական նոր իրավակարգավորումների և դրանց գործնական կիրառության հարցերի վերաբերյալ:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը սեմինարի մասնակիցներին ներկայացրեց «ԴատաԼեքս» դատական-տեղեկատվական համակարգում կատարված բարեփոխումները, որոնց արդյունքում ընդլայնվել են կայքի որոնողական կարողությունները: Նա նաև ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով նկարահանված՝ Վճռաբեկ դատարանի դերի և գործառույթների վերաբերյալ ուսուցողական հոլովակը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից: