ՀՔԾ-ի կոչը պաշտոնատար անձանց դեմ բողոք ներկայացնող քաղաքացիներին

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Մերուժան Պասիլյանը, 2015 թվականի հունիսի 5-ին նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ոստիկանության:

Իր հայտարարության մեջ ՀՔԾ-ն կոչով դիմել է քաղաքացիներին` հիշեցնելով քրեական պատասխանատվության մասին, հաղորդագրության մեջ ասվում է. «Հաշվի առնելով, որ վեջին շրջանում կտրուկ ավելացել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից, իբր, կատարված հանցագործությունների վերաբերյալ դիմում-բողոքները, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ գործող քրեական օրենսդրության համաձայն` հանցագործության մասին ակնհայտ սուտ մատնությունը քրեորեն պատժելի արարք է, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով»:

Ինչ վերաբերում է սույն գործին, ապա ըստ հաղորդագրության` 2015 թվականի մարտի 26-ին Մերուժան Պասիլյանը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզային քննչական բաժնի քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքում իր որդու և վերջինիս ընկերներին չկալանավորելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն ընտրելու դիմաց 2014թ. ապրիլին պահանջել և ստացել է կաշառք:

Հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Մ. Պասիլյանը նոր հաղորդում է տվել այն մասին, թե, իբր, 2015 թվականի մարտին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցներն իր և որդու նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու և սպառնալիքներ հնչեցնելու միջոցով պահանջել են հաղորդում տալ որդու կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական բաժնում քննված քրեական գործով վարույթն իրականացնող քննիչին կաշառք տալու՝ իրականում տեղի չունեցած դեպքի վերաբերյալ, ինչից վախեցել և նրանց թելադրանքով տվել է հաղորդում:

Հաղորդման կապակցությամբ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին վերաբերվող հաղորդման մեջ Մերուժան Պասիլյանի կողմից նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ծառայողները նրա նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքները անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել և չէին կարող լինել:

Հիշեցնենք, որ Մերուժան Պասիլյանի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տված նույն հաղորդման հիման վրա` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության էին առնվել նրա հաղորդման մեջ նշված բոլոր հանգամանքները, կատարվել էին բազմաթիվ քննչական գործողություններ: Արդյունքում կաշառք ստանալու համար քննիչին, իսկ կաշառք տալու համար` Մերուժան Պասիլյանին մեղադրանք էր առաջադրվել:

Այնուհետև մեղադրական եզրակացության կազմմամբ դատարան ուղարկված հիշյալ քրեական գործով` Մերուժան Պասիլյանն ու կաշառք ստացած քննիչը դատարանի դատավճռով դատապարտվել էին:

Այսինքն` Մերուժան Պ.-ն գիտակցելով, որ քննիչին կաշառք տալու վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները համապատասխանում են իրականությանը` անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին` պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար Մերուժան Պասիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել