Մարտի 1-ին լրանում է վերջին օրը, երբ պետք է շրջանառության մեջ դրվի Ընտրական օրենսգրքի նախագիծը: Իրավաբան.net-ի հետ զրույցում այսօր ասաց փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը. «Բայց այն, ըստ էության, միանգամից կներկայացվի ԱԺ»,- նշեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ նոր ընտրական օրենսգրքի թիվ մեկ խնդիրը պետք է լինի քաղաքացիների վստահության բարձրացումը. «Եթե մարդկանց մոտ կա կասկած և անվստահություն ընտրությունների ու հանրաքվեի նկատմամբ ու մեխանիզմը տեսնում են ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնացումը, ապա նախագիծը մշակողները պետք է ուշադրություն դարձնեն օրենսգրքում այդ դրույթն ամրագրելու»,- նշեց նա:
Օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամների Հրայր Թովմասյանը մինչ այս տարբեր առիթներով խոսել է էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի մասին, այս առնչությամբ մեր զրուցակիցը ասաց. «Չգիտեմ, թե արդյոք այդ մոտեցումը ուսումնասիրված է ու արդարացված մեր իրականության համար: Իմ անձնական տեսակետն է, որ մենք խնդիր ունենք ոչ թե ընտրությունների կամ հանրաքվեի անցկացման մեխանիզմների հետ, այդ թղթային քվեարկությանը և այլ համակարգերին մեր բնակչությունը քչից-շատից ընտելացել էր: Նոր ընտրական մեխանիզմներ ներդնելը մարդկանց իրենց կոմֆորտի զոնայից դուրս կհանի և կարծում եմ՝ ավելի խճճում կառաջացնի: Մենք ուղղակի մեկ խնդիր ունենք՝ եթե մասնակիցների ցուցակը հրապարակվում է, այդ նույն թղթային ընտրության եղանակը բավարարում է մեզ»,- փոխանցեց փաստաբանը:
Այսօր Երևանում տեղի ունեցավ հանրային քննարկում ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Քննարկմանը ներկա էին քաղաքացիական հասարակության անդամներ և պատգամավորներ, բոլորը բացի պետական մարմինների, ինչպես նաև աշխատանքային խմբի անդամներից:
Քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը նշեց, որ նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ինչն անընդունելի է. «Աշխատանքային խումբը պարտավոր էր առաջինը բանակցել սեփական հասարակության և ընդդիմության դեմ: Ինչո՞ւ են հակառակն անում, նրանք ուզում են իրենց բանակցային դիրքերը, թիկունքն ապահովեն, ստանան ինչ-ոչ «դաբրոներ», որից հետո այլևս չեն համարի, որ շատ բան պետք է զիջեն ընդդիմությանն ու հասարակությանը»
Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարմացրել է նաև պատգամավոր Հովհաննես Մարգարյանին. «Չգիտես՝ այս գաղտնիությունը ուր է տանում, հիմա նախագիծ կա, թե չկա, ուղարկել են Վենետիկի հանձնաժողով և այլն: Մենք կողմնակից ենք, որ լինի բաց քննարկում, որ իմանաս՝ ինչ առաջարկներ անել»,- ասաց պատգամավորը: