Գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները: Նման կոչ է արել Վարդգես Գասպարին իր նամակում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբին:
Երեկ 24-ին՝ երեկոյան 20:00-ի սահմաններում, այս խմբի երկու անդամները՝ Ռ․Ռևազյանը և Ռ․Սարգսյանը, ահազանգի հիմքով այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Գասպարիին: Վերջինս հրաժարվել է խոսել, միայն խնդրել է, որ իրեն փոխանցեն թուղթ և գրել է հետևյալը.
«ՀՀ ԱՆ-ին կից ՔԿՀ-ների դիտորդական խմբի ինձ 24.02.16թ. ժ 20։25 այցելելու մասին: Ձեր այցելությունն ինձ համար շատ վիրավորական և վրդովեցուցիչ է: Դուք ընդամենը հաստիքային իներցիոն սովետական իրավապաշտպաններ եք. պրոֆկոմի աշխատակիցներ: 2008 թվից հետո ու այսօր իմ գտնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ոչ մի բան ոչնչով չեք բարելավել, այլ բազմակի անգամ այն վատացել է, պրոբլեմները խորացել: Իհարկե, դուք միշտ կարող եք արդարանալ, որ եթե չանեիք այս ընթացքում ձեր արածը, վիճակը բազմակի անգամ վատ կլիներ: Սկզբունքորեն չեմ կարող հակաճառել… Իսկ ավելին գրել չեմ կարող. գնացեք վայելեք պոնչիկով ձեր եվրոսեմինարները: Հաջողություն»։