Ինչպե՞ս են փոխհատուցվելու ավանդները. նախարարի պարզաբանումները ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, խոսեց ավանդների փոխհատուցման ծրագրերից:

Նա տեղեկացրեց, որ ավանդի դիմաց փոխհատուցման ծրագիր ՀՀ-ում իրականացվում է 2006թ.-ից, նախնական ծրագիրը վերաբերում էր բացառապես անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքի անդամներին:

«Ուզում եմ հստակ նշել, որ այդ ծրագիրը ավանդի վերադարձ չէ, այլ ներդրված ավանդի դիմաց հասցեական սոցիալական աջակցության ծրագիր»,- ասաց նա:

Պարոն Ասատրյանը փոխանցեց, որ ծրագիրն ավարտվել է 2013թ.-ին, քանի որ կառավարությունն իր գործունեության ծրագրում ամրագրել էր, որ շարունակական կլինի այն. «Ուստի ընդունվեց որոշում և 2014թ. բյուջեով սահմանվեց հետևյալ մոտեցումը, որ մենք այժմ երեք ուղղություններով ենք իրականացնում ավանդի փոխհատուցման ծրագիրը, առաջին ուղղությունը տարեցների փոխհատուցումն է, 2016թ. բյուջեով ամրագրեցինք, որ անապահովության գնահատման ցուցակում հաշվառված լինելը ևս արդեն պարտադիր չէ, այսինքն՝ մեր բոլոր տարեց քաղաքացիներին, ովքեր ունեն ավանդ ներդրած, դրա դիմաց փոխհատուցման ծրագիր է իրականացվում, 2013թ. ամփոփված ծրագրի շրջանակներում շուրջ 63 հազար քաղաքացի ստացան այդ փոխհատուցումները, տարեկան շուրջ 8 հազար ստանում են»:

Նա նաև ասաց՝ այժմ ամրագրված է ավանդի փոխհատուցում 1931թ. դեկտեմբերի 31-ը մինչև ծնված անձանց իրավունքը. «Այս պահի դրությամբ հաշվառված տարեց անձանց թվաքանակը ենթադրում է, որ առաջիկա վճարումները դեռևս 12 ամիս կիրականացվեն, հետևաբար տարիքի փոփոխություն բնականաբար հիմա չենք նախատեսում, բայց այս տենդենցով կընթանա, տարիքի փոփոխությունը գնալով կիրականացվի: Բացի այդ, ևս երկու ուղղությամբ էլ է իրականացվում ծրագիրը՝ ՀՀ սահմանների պաշտպանության մասնակիցների ու սահմանամերձ գյուղերի բնակիչների փոխհատուցման»,- ամփոփեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել