Հարցազրույց փաստաբան Նորայր Նորիկյանի հետ` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության վերաբերյալ.
Ո՞վ է Ձեր նախընտրած թեկնածուն 3 առաջադրվածներից և ինչո՞ւ:
Որևէ մեկի նկատմամբ նախընտրություն չունեմ: Թեկնածուներին անձնապես չեմ ճանաչում: Ծանոթ եմ նրանցից երկուսին` իրենց հասարակական և պետական գործունեության արդյունքում:
Գիտե՛ք, քանի որ խոսքը գնում է թեկնածուների մասին, արդեն կարևոր կամ էական չէ, թե ով են եղել նրանք, շատ ավելի կարևոր ու էական է, թե ով կլինեն որպես մարդու իրավունքների պաշտպան:
Իմ պատկերացրած մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա մի քանի հատկանիշներ, որոնցով կընդգծի իր կոչումն ու հեղինակությունը:
Դրանցից ամենակարևորը համարում եմ պաշտպանի` որպես անձի խարիզմատիկ և մտավորական լինելու հանգամանքը, և իր գործունեությամբ ձեռք բերված այն վաստակը, որը հնարավորություն կտա նրան իր խոսքին հաղորդելու ծանրակշռություն և լրջություն, որի հետ հաշվի կնստեն բոլորը` անկախ պաշտպանի անձի նկատմամբ ունեցած վերաբերմունքից:
Ի՞նչ խնդիրներ են ծառացած մնում նոր պաշտպանի առջև:
Ես կարծում եմ, որ նոր պաշտպանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած` նախևառաջ փրկելու մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի սասանված հեղինակությունը:
Սա լուրջ խնդիր է, և ես անկեղծորեն կողջունեմ, որ անկախ նրանից, թե ով կլինի նոր պաշտպանը, նրան հաջողվի հաղթահարել այն և հասնել այն կոնդիցիային, որի պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հեղինակությունը կգտնվի իր արժանի հարթակի վրա:
Ի՞նչ առաջարկներ ունեք նոր պաշտպանին:
Կառաջարկեի հասարակության հետ աշխատել բաց և թափանցիկ, հնարավորինս կարճ ժամանակահատվածում ընդգծել այն առավելագույն ռազմավարական նպատակները և դրանց հասնելու եղանակներն ու մեթոդները, ինչպես նաև ձևավորել պրոֆեսիոնալ թիմ ու կայացնել մարզային գրասենյակները:
Եվ ամենակարևորը, թույլ չտալ իր նախորդների բացթողումներն ու վրիպումները:
Ինչպիսի՞ն պետք է լինի ՄԻ պաշտպանը, որպեսզի չենթարկվի ճնշումների ու չընկնի իշխանության կամ ընդդիմության ազդեցության ներքո:
Լինի իր կոչմանը հավատարիմ և օբյեկտիվ, ՈՉ ասելու կարողություն ունենա և խնդիր լուծելու կամք դրսևորի:
Վստա՛հ եղեք, այդ ժամանակ բոլորը կհարգեն և հաշվի կնստեն նրա հետ, արդյունքում` Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը կգտնվի իր բարձրության վրա, որից կշահի ողջ հասարակությունը: