ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ին՝ կազմակերպված խմբի կազմում ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքից առանձնապես խոշոր չափերով ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին մասնակցելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող Գ. Դ.-ն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունից առանձնապես խոշոր չափերով ոսկի պարունակող խտացաված հանքանյութի գաղտնի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2014 թվականին ընկերության ոսկու կորզման ֆաբրիկայի տարածքի պահապանությունն իրականացնող անձանց և նույն ընկերության այլ աշխատակիցների հետ ընդգրկվելով կազմակերպված խմբի կազմում, ստանձնել է իր համապատասխան դերը:
Մասնավորապես՝ Գ. Դ.-ն նախապես տեղեկանալով կատարվելիք հափշտակության տեղի ու ժամանակի մասին՝ անձամբ, ինչպես նաև ընկերությունում պահպանություն իրականացնող այլ ծառայողներին տեղեկացրել է այդ մասին, հանցավոր թողտվություն դրսևորելու միջոցով ապահովել է ինչպես հերթափոխում գտնվող, այնպես էլ՝ չգտնվող ընկերության աշխատողներին ընկերության գլխավոր և այլ արտադրամասերի տարբեր սարքավորումների հատվածներից ոսկու խտանյութի հափշտակության, դրանց նախնական մշակման գործընթացի իրականացման քողարկմանը և մշակված խտանյութի գաղտնի դուրս բերելն ընկերության տարածքից, ինչպես նաև այլ անձանց հետ համատեղ անմիջականորեն մասնակցել է ոսկու խտանյութի գաղտնի հափշտակություններին:
Պայմանավորվածության համաձայն՝ վերը նշված եղանակով հիշյալ ժամանակահատվածում ընկերությունից շարունակաբար կատարվել են առանձնապես խոշոր չափերով գույքի՝ ոսկի պարունակող խտացված հանքանյութի մի շարք հափշատակություններ, հափշտակված խտանյութը վերամշակվել, և ոսկին իրացվել է ոսկու առևտրի կենտրոնում, իսկ ստացված գումարից կազմակերպված խմբի անդամներին վճարվել է մասնաբաժիններ:
2015թ. մայիսի վերջին կազմակերպված խմբի անդամ, ընկերության գլխավոր արտադրամասի աշխատակցի կողմից հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների թողտվությամբ հափշտակված և ընկերությունից դուրս բերված ոսկու պարունակությամբ խտանյութը փոխանցել է նույն ընկերության մեկ այլ աշխատակցի: Վերջինս խտանյութը վերամշակելով՝ ստացել է առանձնապես խոշոր չափերի՝ 26.672.810,32 ՀՀ դրամ արժողության 1448,91 գրամ ոսկի, որն առանձին մասերով վաճառվել է ոսկու առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր հանդիսացող Թ. Ա.-ին և Ա. Պ.-ին:
Գ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, և վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նշենք, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ներկա փուլում որպես մեղադրյալ ներգրավել են կազմակերպված խմբի ևս 7 անդամներ, որոնցից 2-ի նկատմամբ նույնպես դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: