Քաղաքացին տուգանվել էր արագությունը 21կմ/ժ-ով գերազանցելու համար, սակայն հաղթեց ՃՈ-ին

Դեռևս 2013 թ-ին քաղաքացի Արտաշես Հովհաննիսյանը սահմանված արագությունը 21կմ/ժ-ով գերազանցելու համար Ճանպարահային ոստիկանության կողմից ենթարկվել էր վարչական տույժի՝ «իրավախախտումը» կատարելու պահին գործող ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻՎՕ) 1244-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Սակայն քաղաքացին դիմել էր վարչական դատարան՝ բողոքարկելով ՃՈ որոշումը: Նրա շահերը դատարանում ներկայացնող իրավաբան Հայկ Պողոսյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ՃՈ որոշումից հետո 21.06.2014թ.-ին փոփոխության ենթարկված ՎԻՎՕ 124.4 հոդվածը, որը վերաբերում է սահմանված արագության գերազանցմանը, սահմանում է՝ վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար:

Որոշման իրավաչափությունը դատական կարգով վիճարկվեց` հիմքում դնելով նաև այն, որ ՀՀ օրենսդրի կողմից նմանօրինակ նորմի սահմանումն ինքնին նշանակում է, որ Օրենսդրի համար օրենքի (ընդունման ժամանակ դեռևս նախագծի) ընդունման պահին հիմնավորված է եղել, որ արագաչափ սարքերը 10 կմ/ժ չափման տիրույթով հնարավոր է, որ թույլ տան սխալանքներ: Այսինքն, այնպես չէ, որ արագաչափ սարքերը օրենքի փոփոխությունից հետո նոր պետք է սկսեին թույլ տալ հնարավոր սխալանքներ, այլ՝ մինչև օրենքի փոփոխությունը արագաչափ սարքերի կողմից հնարավոր սխալանքներ թույլ տալու հնարավոր իրադրությունն է ստեղծել նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը:

Այդպիսով, ՀՀ վարչական դատարանը, կասկածի տակ առնելով տվյալ գործով արագաչափի արձանագրած տվյալի իսկությունը, գործում առկա ապացույցներով հաստատված չհամարեց ՃՈ որոշումը և բավարարեց Արտաշես Հովհաննիսյանի ներկայացուցիչ Հայկ Պողոսյանի ներկայացրած հակընդդեմ հայցը՝ ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վարչական դատարանի վճիռը հրապարակվել է 2015-ի նոյեմբերի 17-ին և արդեն իսկ մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել