Երեկ` 04.02.2016 թվականին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։
Գործի փաստական հանգամանքները հետևյալն են. այդ գործով դիմումատուն 1995 թվականից հանդիսանում էր ընդդիմադիր քաղաքական կուսակցության անդամ։ 1997 թվականից դիմումատուն ղեկավարում էր կուսակցության տարածքային գրասենյակներից մեկը Բաղրամյան փողոցի տարածքում։ 2004 թվականի մարտ–ապրիլ ամիսներին ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կազմակերպել էին հանրահավաքներ` արտահայտելով իրենց քննադատությունը խախտեումների վերաբերյալ, որոնք տեղ էին գտել 2003 թվականի փետրվար–մարտ ամիսներին ՀՀ–ում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես նաև վիճարկում էին վերընտրված նախագահի լեգիտիմությունը։ Դիմումատուն նշել էր նաև, որ իշխանությունները փորձում էին ձերբակալել, հետապնդել և խուզարկել ընդդիմության աջակիցներին։ 2004 թվականի ապրիլի 10–ին ժամը 17։10 դիմումատուն ձերբակալվել էր և տեղափոխվել ոստիկանական բաժանմունք, որտեղ նրա վերաբերյալ նախաձեռնվել էր վարչական գործ ոստիկանների իրավաչափ որոշումը չկատարելու համար։ Նույն օրը Արմավիրի վարչական շրջանի դատարանը նրա նկատմամբ նշանակել էր 10 օր վարչական կալանք։ 10–օրա վարչական պատիժը հաշվարկվել էր 2004 թվականի ապրիլի 10–ի 17։10 րոպեից։
2004 թվականի ապրիլի 20–ին չպարզած ժամի Արմավիրի վարչական շրջանի դատարանը քննել և թույլտվություն էր տվել քննչական գործողության, որով պետք է խուզարկվեր դիմումատուի բնակարանը։ Խուզարկության արդյունքում հայտնաբերվել էր պլաստիկե տոպրակով կանեփ թմրամիջոց։ Արդյունքում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 268–րդ հոդվածով` թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի։
2004 թվականի հունիսի 22–ին Արմավիրի վարչական շրջանի դատարանի կողմից դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 268–րդ հոդվածով։
Դիմումատուն սպառել էր ներպետական պաշտպանության միջոցները և դիմել Եվրոպական դատարան` Եվրոպական կոնվենցիայի 8–րդ հոդվածի և 6–րդ հոդվածի հիման վրա։
8–րդ հոդվածի ներքո դիմումատուն վիճարկում էր իր բնակարանի խուզարկության մասին որոշման և այդ խուզարկության իրականացման իրավաչափությունը։
Եվրոպական դատարանը նշել է, որ քննարկման ենթակա չէ այն հարցը, որ դիմումատուի անձնական կյանքի իրավունքը ենթարկվել է միջամտության կոնվենցիայի 8–րդ հոդվածի 1–ին մասի ներքո։ Սակայն, քննարկելով միջամտության իրավաչափությունը 8–րդ հոդվածի երկրորդ մասի համատեքստում` Դատարանը գտել է, որ միջամտությունը եղել է համաչափ, հետևաբար բացակայել է կոնվենցիայի 8–րդ հոդվածի խախտումը։
Դիմումատուն Եվրոպական դատարան բողոք է ներկայացրել նաև կոնվենցիայի 6–րդ հոդվածի հիման վրա` նշելով, որ իր դատապարտումը հիմնված է եղել ապօրինի ձեռք բերված ապացույցների հիման վրա։
Դատարանն այդ մասով դիմումը անընդունելի է համարել` հիմնվելով կոնվենցիայի 35–րդ հոդվածի 3–րդ և 4–րդ մասերին։
Եվրոպական դատարանի Կիրակոսյանն ընդդեմ Հայաստանի (2) վճռին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։