Կենսաթոշակառուների խնդիրներին Իրավաբան.net-ն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է: Տարիքային կենսաթոշակ ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի հետ պահանջվում է ներկայացնել ստաժը հաստատող փաստաթուղթ՝ աշխատանքային գրքույկը և դրա պատճենը, անհրաժեշտության դեպքում` ստաժը հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ: Հենց արխիվային տեղեկանքներն են, որ շատ դեպքերում թոշակառուներին խնդրի առաջ են կանգնեցնում:
Որոշ դեպքերում ինչ-ինչ պատճառներով քաղաքացու համար անհնար է լինում ձեռք բերել ու ներկայացնել արխիվային տեղեկանքները: Կենսաթոշակառուներից ոմանք պնդում են, որ տեղեկանքներ չներկայացնելու պատճառներից մեկն, օրինակ, արխիվների այրվելն է:
Նախ նշենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության մեզ տրամադրած տվյալների համաձայն՝ աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ: Ընդունվում են նաև աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր (ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 10-րդ և 11-րդ կետեր):
Իսկ ի՞նչ անել, երբ արխիվներում չկան համապատասխան փաստաթղթեր:
Փաստաբան Հասմիկ Օհնիկյանը նման դեպքերում խորհուրդ է տալիս իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջ ներկայացնել դատարան.
«Նախկին իրավակարգավորումներով կար սահմանափակում, համաձայն որի՝ միայն կենսաթոշակ ստանալու համար պահանջվող ստաժի պակասող մասը, բայց ոչ ավելի, քան 10 տարվա ստաժը կարող էինք հաստատել դատական կարգով: Հետագայում Պետական կենսաթոշակի մասին ՀՀ օրենքի վկայակոչված նորմը ճանաչվեց սահմանադրությանը հակասող ու անվավեր, իսկ ավելի ուշ՝ 2009 թվականին օրենքում կատարվեց փոփոխություն և այդ նորմն ուժը կորցրած ճանաչվեց: Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքում դատական կարգով ստաժի հաստատման վերաբերյալ սահմանափակումներ չկան: Ստաժը, որպես կանոն հաստատվում է վկաների ցուցմունքով»:
Մեր այն դիտարկմանը, որ կենսաթոշակային տարիքի հասած շատ քաղաքացիներ, ինչպես իրենք են ասում, խուսափում են դատական քաշքշուկներից, բացի դատարան դիմելու տարբերակից չկա՞ այլընտրանքային եղանակ: Փաստաբանը պարզաբանում է. «Իրավական ճանապարհը դա է: Ցավոք, ապացուցման գործընթացում հիմնականում խնդիրներ են ծագում, եթե հատկապես խոսքը վերաբերում է առավել վաղ տարիներին աշխատած լինելու փաստը հաստատելուն: Բայց իրավական ճանապարհը դա է»:
Այն հարցին, թե արդյո՞ք կան փաստաթղթեր, որոնք կարող են փոխարինել այդ տեղեկանքներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչությունից պատասխանել են.
«Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին»:
Խնդրի կապակցությամբ եղել են դիմում-բողոքներ նաև Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ Անհատական դիմումների վարչության պետ Մանուշ Միրզոյանի խոսքով՝ նման դեպքերում քաղաքացիներին տրամադրվել է աշխատանքային ստաժը դատական կարգով հաստատելու վերաբերյալ խորհրդատվություն, իսկ օրենքի ուժով՝ Պաշտպանը չի քննարկել և չի քնարկում այն բողոքները, որոնք պետք է լուծվեն միայն դատական կարգով :
Անուշ Միրզոյանի խոսքով՝ քաղաքացիներին պետք է առավել վաղ ներկայացվեն իրավունքի պաշտպանության միջոցները, քանի որ ավելւ ուշ տեղեկանալն էլ իր հերթին նոր խնդիրների է հանգեցնում: Անհրաժեշտ փաստաթղթերի դատական կարգով հաստատելը ժամանակ է պահանջում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ տարիքը լրանալուց հետո կենսաթոշակ նշանակվում է ավելի ուշ:
Զառա Մանուչարյան