Աղջկա առևանգում, հետապնդում և ծեծ

Թաթուլ Խ.-ն, Սիփան Խ.-ն և Աղվան Մ.-ն փորձել են առևանգել Մարիամ Մ.-ին: Այդ կապակցությամբ Թաթուլը նախնական համաձայնության գալով եղբոր՝ Սիփանի, ընկերոջ՝ Աղվանի ու քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ, 2015թ. ապրիլ ամսին Մերսեդես Ե դասի մեքենայով և անհայտ անձի կողմից վարվող  ԲՄՎ-ով ուղևորվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 8 զանգված, որտեղ տեսնել են Մարիամ Մ.-ին և նրա ընկերոջը՝ Յուրի Հ.-ին՝ վերջինիս պատկանող ավտոմեքենայի սրահում նստած:

Երիտասարդները ԲՄՎ-ով փակել են Յուրի Հ.-ի ավտոմեքենայի առջևը՝ կանխելով մեքենայի հետագա տեղաշարժը, ապա հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, իրենց անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով, ըստ նախաքննական մարմնի մեղադրանքի, անպարկեշտ վերաբերմունքով բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ Յուրիին հարկադրաբար իջեցրել են ավտոմեքենայից, այնուհետև, տևական ժամանակ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս:

Բացի այդ, համաձայն նախնական դերաբաշխման Մարիամի կամքին հակառակ նրան տեղափոխել են Մերսեդեսի սրահ, միասնական ուժերով բացահայտ առևանգելով նրան ուղևորվել են Կոտայքի Մարզի Առինջ գյուղ, սակայն Առինջ գյուղին հարող ճանապարհահատվածում Յուրին իր վարած ավտոմեքենայով բախվել է Մերսեդսին՝ դիտավորությամբ խափանել դրա ընթացքը, որից հետո ոստիկանության աշխատակիցների միջամտության արդյունքում Սիփանը բերման է ենթարկվել, իսկ Աղվանը, Թաթուլը և մյուս հանցակիցները դիմել են փախուստի:

Գործի դատաքննությունն ընթանում է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել