«Իշխանությունը տանուլ է տալիս ՄԻ պաշտպաններին». Լարիսա Ալավերդյանը՝ ճնշումների և խնդիրների մասին

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը կողմ է, որ 4-րդ օմբուդսմենը լինի Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Նրա փոխանցմամբ՝ պարոն Թաթոյանն այս ոլորտում զգալի աշխատանքային փորձ ունի. «Նրա առաջին աշխատավայրը ՄԻ պաշտպանի գրասենյակն էր: Ամեն անգամ իշխանությունը բերում է մարդու, ում որ վստահում է, չնայած հետագայում այլ զարգացումներ են տեղի ունենում: Տարբերությունն այն է, որ ինձ առաջադրել է անմիջապես հանրապետականը՝ հանձինս Մարգարյան Անդրանիկի, այսինքն՝ գործադիրն է առաջադրել»,- նշեց տիկին Ալավերդյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընթացքում բացասական ավանդույթներ են ձևավորվել. կառավարության առաջարկով նշանակվում են պաշտպաններ ու նույն իշխանությունն ավելի ուշ սկսում է քննադատել նրանց, ստիպել հրաժարականներ ներկայացնել: Տվյալ դեպքում Մարդու իրավունքների առաջին պաշտպանը ասաց, որ հալածանքները սկսել են հենց իր գործունեության տարիներից.

«Չնայած 14 ամսվա հալածանքների աշխատակազմն ու անձամբ ես մինչև վերջ աշխատել ենք՝ մինչև 2006թ.-ը, երբ երկրի երկրորդ նախագահը իրավուքն չունենալով արձակել է հրաման իմ ազատման մասին: Ես այդ հրամանը համարել եմ անօրինակ, ուստի շարունակել եմ այցելել աշխատավայր, փակվել է իմ աշխատավայրը, ես գնացել եմ, անգամ ինձնից վերցրել են կնիքը: Միայն այն ժամանակ, երբ փակվել է դարպասը, բոլոր աշխատողներն ուղարկվել են արձակուրդ և ես չեմ կարողացել գնալ աշխատանքի, ես մինչև վերջ պայքարել եմ»,- ասաց նա:

Տիկին Ալավերդյանը շեշտեց, որ ամեն անգամ ՄԻ պաշտպանների նկատմամբ իրականացվել են տարբեր ինտենսիվության և ուժգնության ճնշումներ կամ ճնշման փորձեր. «Այս երեք դեպքում էլ պարտվել է իշխանությունը, որովհետև ինքն է առաջադրել ու ինքն էլ չի դիմացել: Կարեն Անդրեասյանի ժամանակ նույնպես հոգեբանական կարճ նշումներ է եղել»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով՝ այս ամենը խոսում է այն մասին, որ իշխանությունը ինքն է առաջարկում այդ անձանց, չի դիմանում նրանց աշխատելաոճին, ցանկությանը մեր երկիրն ավելի իրավական պետություն դարձնելու համար և տանուլ են տալիս. «3:0. իշխանությունը տանուլ է տվել Մարդու իրավուքնների պաշտպաններին»,- կարծիք հայտնեց տիկին Ալավերդյանը:

Նա եզրահանգեց՝ իշխանությունը պետք է մոտեցումներ փոխվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել