Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով ըստ մեղադրանքի Վալերի Պավելի Պերմյակովի` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով հաջորդ արտագնա դատական նիստը նշանակվել է 2016 թվականի փետրվարի 5-ին ժամը 12:00-ին: Այս մասին հայտնում են դատական դեպարտամենտից:
Ըստ աղբյուրի՝ արտագնա դատական նիստը տեղի կունենա ՌԴ 102-րդ ռազմակայանի թիվ 04436 զորամասում (հասցե`ք. Գյումրի, Մեծ Բերդ): Նշված վայրը հասանելի է տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև այդ ուղղությամբ գործում են հանրային տրանսպորտի միջոցներ:
Դատական քննությունը հրապարակային է, նիստը` դռնբաց,մուտքն ազատ է:
Դատական նիստին ներկա գտնվելու համար անձը՝
- ՌԴ ռազմակայանի տարածք մուտք գործելիս ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչը՝ նաև մասնագիտական գործունեությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
- ՌԴ ռազմակայանի տարածք, ինչպես նաև դատական նիստերի դահլիճ մուտք գործելիս ենթարկվում է զննման: Եթե հայտնաբերվեն իրեր, որոնց առկայությունը դատական նիստերի դահլիճում կարող է խախտել հասարակական կարգը կամ սպառնալիք ստեղծել դատավարությանը ներկա անձանց անվտանգության համար, ապա դրանք վերցվում և պահվում են այդ նպատակով նախատեսված վայրում:
Դատական նիստերի դահլիճում և դրանից դուրս դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումը և հասարակական կարգի պահպանումն իրականացվում է ՀՀ դատական կարգադրիչների ծառայության և ոստիկանության աշխատակիցների կողմից:
Դատական նիստերի դահլիճում տեղերի սահմանափակությունը հաշվի առնելով՝ տարածքում տեղադրվել են նաև երկու վրան: Վրաններից մեկը նախատեսված է լրատվամիջոցների, իսկ մյուսը՝ հասարակության ներկայացուցիչների համար: Նշված վրաններում տեղադրված են հեռուստացույցներ՝ դատական նիստի ուղիղ հեռարձակումն ապահովելու նպատակով: