Քրեական դատավարության նոր դասագիրք է հրատարակվել

Այսօր հրատարակվել է ՀՀ քրեական դատավարության նոր բուհական դասագիրքը, որը  մշակվել է մի խումբ հեղինակավոր իրավագետների կողմից՝ ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:

Դասագրքի համահեղինակ, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Արամ Վարևանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ընթերցողին ներկայացվող ՀՀ քրեական դատավարության դասագիրքն ունի հետևյալ առանձնահատկությունները.

Առաջին՝ այն համապատասխանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կրթական ծրագրին, որտեղ ՀՀ քրեական դատավարությունը դասավանդվում է երեք կիսամյակ։ Դասաժամերի նման քանակը հնարավորություն է տալիս քրեադատավարական ինստիտուտները ներկայացնել առավել խորությամբ և համակողմանի։

Երկրորդ՝ դասագրքի հեղինակները հնարավորինս խուսափել են այլ դասընթացների շրջանակում ներկայացվող նյութերի կրկնությունից, օրինակ` պետության և իրավունքի տեսության դասընթացի ժամանակ ներկայացվում են իրավաբանական վարույթի փուլերի ընդհանուր հատկանիշները, որոնք վերաբերում են նաև քրեական դատավարության փուլերին։ Դասագրքի հեղինակները հնարավորին խուսափել են նույնաբովանդակ նյութը ուսանողներին կրկին ներկայացնել։

Երրորդ՝ այլ դասընթացների շրջանակներում ներկայացվող նույնաբովանդակ նյութը կրկնելու փոխարեն դասագրքում հատուկ ուշադրություն է դարձվել մշտապես ստվերում մնացած այնպիսի թեմաների, ինչպիսիք են` քրեական վարույթին մասնակցությունը բացառող հանգամանքները, քրեական վարույթին մասնակցող անձանց պաշտպանությունը։

Չորրորդ՝ հեղինակները դասագրքում ներկայացրել են իրավակիրառ պրակտիկայում կամ գիտության մեջ հանդիպող խնդիրներ և դրանց լուծման վերաբերյալ մոտեցումներ։ Դասագրքում նման նյութի առկայությունը նպատակ ունի ուսանողների մոտ ձևավորել քննադատական–վերլուծական մտածողություն։ Հինգերորդ՝ դասագրքում հատուկ արժևորվել է ՀՀ բարձր դատարանների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, որը էապես ազդել է ՀՀ քրեական դատավարության զարգացման վրա։ ՀՀ սահմանադրական դատարանը և ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել են մի շարք որոշումներ, որոնք փոխել են քրեադատավարական առանձին ինստիտուտների զարգացման ուղղությունները: Առաջին ատյանի դատարանի դատավորների որոշումների անվանական մեջբերմամբ որոշակի իմաստով կիրացվի Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում նշված գաղափարը, ըստ որի՝ իրավաբանական կրթություն-գիտություն-պրակտիկա եռանկյունու արդյունավետ փոխգործունեությունը պետք է ապահովել պետական մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ և նրանց օժանդակությամբ: Դասագրքում նյութը ներկայացված է 2015 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ գործող ՀՀ Սահմանադրության և օրենսդրության հիման վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել