Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը կատարվելու է քվեարկության արդյունքում, պաշտպանի թեկնածությունը ներկայացնելու է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Այս մարմնի այսօր խորհրդարանում ասաց նույն հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Նա հավելեց, որ հնարավորություն է տրվել՝ բոլոր խմբակցություններն իրենց թեկնածուներին ներկայացնեն ու որոշեն՝ ում է հանձնաժողովը ներկայացնելու խորհրդարանին. «Մենք նպատակ ունենք նաև սահմանելու, որ երբ համապատասխան ձայներ չեն հավաքի որևէ մեկը, անցնում է հաջորդ փուլ և առավել ձայներ հավաքած թեկնածուն առաջադրվում է լիագումար նիստերի քննարկմանը»,- նշեց նա:
Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընտրվի մեկ ամսվա ընթացքում ու այդ որոշումը մեկ տարվա կյանք է ունենալու: ԱԺ-ում հայտարարեց նույն հանձնաժողովի անդամ Լևոն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը. «Մեկ տարվա ընթացքում մենք էլի պարտավոր ենք Սահմանադրական համապատասխան օրենքներ ընդունել, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի, մյուս տարի, երբ գումարվի հաջորդ Ազգային ժողովն այս որոշումը նորից ընդունվելու է»,- նշեց պատգամավորը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից առանց հիմնավորման հրաժարականի ներկայացումը զայրացել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանին. «Ի՞նչ է նշանակում՝ չբացատրել՝ ինչո՞ւ, այո, մարդն իրավունք ունի հրաժարական տալ, բայց պետք է բացատրի՝ այդ պատճառներ են»,- ԱԺ-ում ասաց նա:շ
«Ես չեմ ընդունում որևէ բացատրություն և մեղադրում եմ Մարդու իրավունքների նախկին պաշտպանին, որ այդպես՝ վերցրեց ու ասաց՝ հրաժարական եմ տալիս: Էս ի՞նչ ա, «տուն-տունիկ» ենք խաղում»,- հավելեց պատգամավորը:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, խոսելով օմբուդսմենի ինստիտուտից, ասաց. «Մենք որպես պատգամավորներ լրջագույն անելիք ունենք, որ հաջորդ ՄԻՊ-ին չդարձնենք կամ ընդդիմության կամ էլ իշխանության դրածոն: Եթե օմբուդսմենի այս կամ այն տեսակետը դուր չի գալիս իշխանություններին, նա չպետք է հռչակվի որպես վատ կադր և եթե նա հրաժարվում է սպասարկել ընդդիմության շահը, չպիտի նրան խարյուկի վրա այրելու կոչեր արվեն, մեզ իսկապես լուրջ ու պատասխանատու ընտրություն է սպասվում»,- ասաց նա:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ նոր Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունը պայքարելու է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հիմնական գնահատականը նա տա. «Որպեսզի չմնա մեծամասնության վրա քվեարկությունն, ասվում է երեք հինգերորդով: Նոր մեխանիզմ է սահմանվել»,- նշեց նա: