Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի` հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի` դատապարտյալին ներում շնորհելու բացառիկ իրավունքը ՀՀ Նախագահինն է:
Ներում շնորհելու մասին խնդրագրերը, նախքան ՀՀ Նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են ՀՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում, որը կազմավորվում է ՀՀ Նախագահի կողմից:
Ներում շնորհելու մասին խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, ազատազրկման վայրերում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Աղբյուրը` Իրավաբան.net