2014թ. հոկտեմբերի 15-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ Կարեն Զարիկյանի, կայացրել է մի դատական ակտ, որն, ըստ փաստաբան Գրիգոր Բեքմեզյանի, կարևորագույն նախադեպ կարող է դառնալ անօրինական կերպով տուգանված վարորդների համար:
Այսպես՝ Գրիգոր Բեքմեզյանի հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ իր նկատմամբ կայացրած որոշումը վերացնելու պահանջով:
Հայցվորը ներկայացված հայցադիմումով, բացման խոսքով և «լրացուցիչ բացատրություններ» վերնագրված գրավոր դիրքորոշումով, հայտնելով, որ 2013 թվականի հուլիսի 31-ին ստացել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումը, որով իրեն սահմանված 50 կմ/ժ առավելագույն արագությունը 23 կմ/ժ-ով գերազանցելու համար առաջադրվել է տուգանք՝ 30.000 ՀՀ դրամի չափով, պնդել է, որ նշված որոշումը ոչ իրավաչափ է: Հայցի հիմքերը հիմնականում հանգում են հետևյալին.
Նախ` հայցվորը չի ընդունել այն փաստը, որ տվյալ վայրում առկա է եղել 50 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշան: Ավելին՝ հայցվորը գտել է, որ գործի քննության ընթացքում պատասխանողը ոչ միայն չի ներկայացրել ապացույց, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է կայացվել որոշում ճանապարհի այդ հատվածում 50 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշան տեղադրելու վերաբերյալ, այլև ի պատասխան դատարանի հարցմանը ներկայացված` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի գրությունից երևում է, որ այդ տարածքում նշանները հաճախ վնասվում են և փոխարինվում, ուստի չի հաստատվում 50 կմ/ժ արագություն սահմանող նշանի առկայության փաստը:
Երկրորդ` հայցվորը պնդել է, որ եթե նույնիսկ 50 կմ/ժ արագություն սահմանող նշանի առկայության փաստը հաստատվի, ապա այն ոչ իրավաչափ է, քանի որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն ճանապարհային երթևեկության կանոնների հաստատումը հանդիսանում է ՀՀ կառավարության բացառիկ իրավասությունը, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 95-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված է թույլատրելի առավելագույն արագություն՝ բնակավայրում՝ 60 կմ/ժ, բնակավայրից դուրս` 90 կմ/ժ արագություն, միաժամանակ նույն կանոնների 70-րդ կետը հնարավորություն է ընձեռում սահմանել նշված արագությունից միայն բարձր արագություն: Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 95-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների «Արգելող նշաններ» գլխի 3.24 կետով սահմանված «Առավելագույն արագության սահմանափակում» նշանին, ապա դա կարող է կիրառվել միայն սահմանված 60 կմ/ժ և 90 կմ/ժ արագություններից բարձր արագություն սահմանելու նպատակով: Ըստ այդմ, հայցվորը եզրահանգել է, որ բնակավայրից դուրս չի կարող 90 կմ/ժ արագությունից ցածր առավելագույն արագություն սահմանվել: Ընդ որում, հայցվորը գտնում է, որ այս հարցը պետք է քննարկվեր պատասխանողի կողմից վարչական վարույթի շրջանակներում և չկայացվեր վիճարկվող որոշումը:
Պատասխանողը նախ նշել է, որ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի 95-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների «Արգելող նշաններ» գլխի 3.24 կետով սահմանվել է «Առավելագույն արագության սահմանափակում» նշանը, որը ենթադրում է, որ արգելվում է նշանի վրա նշվածից բարձր արագությամբ երթևեկելը: Ուստի, ըստ պատասխանողի՝ ելնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ճանապարհներին կարող է սահմանվել ցանկացած` այդ թվում սահմանված 60 կմ/ժ և 90 կմ/ժ արագություններից ցածր արագություն:
Դատարանը նկատել է, որ, իսկապես, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավարի գրության հիման վրա հնարավոր չէ հաստատապես պնդել, որ հայցվորի կողմից ֆիքսված խախտման օրը և ժամին՝ «Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման» ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրին առկա է եղել 50 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշան: Նշված գրությունը ոչ միայն չի պարունակում խնդրո առարկա նշանը կոնկրետ օրը տեղադրված լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն, ավելին այդ գրությունը վկայում է այն մասին, որ նշանը պարբերաբար վնասվել և փոխարինվել է նորով: Վիճելի փաստի առթիվ ինչ-որ չափով որոշակիություն է մտցնում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետի տեղեկանքը, սակայն մնում է բաց այն հարցը, թե կոնկրետ պահին վնասված լինելու պատճառով տվյալ նշանի բացակայության հանգամանքի մասին արդյոք ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն անվերապահորեն պետք է տեղեկացված լիներ: Եվ թեև պատասխանող կողմը պնդում է, որ գործնականում նշանների փոխարինումը տեղի է ունենում ՃՈ-ի մասնակցությամբ, այդուհանդերձ դրա վերաբերյալ որևէ իրավական ակտի բացակայության պայմաններում դատարանը գտնել է, որ հնարավոր չէ միանշանակորեն բացառել, որ արագությունն արձանագրելու պահին նշանը բացակայել է: Իսկ այս հարցում չփարատված կասկածի առկայությամբ հնարավոր չէ ապացուցված համարել, որ խախտման արձանագրման օրն առկա է եղել 50 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող նշան:
Նման պայմաններում, երբ խնդրո առարկա նշանի առկայությունը չի հաստատվել գործի քննության արդյունքում, ուստի դատարանն արձանագրել է, որ բացակայում է դրա իրավաչափության հարցը քննարկելու անհրաժեշտությունը:
Այսպիսով դատարանը իր վճռով բավարարել է Գրիգոր Բեքմեզյանի հայցն ընդդեմ Ճանապարհային ոստիկանության և անվավեր ճանաչել ՃՈ-ի վարճական ակտը: Ճանապարհային ոստիկանությունից հօգուտ Գրիգոր Բեքմեզյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար նախատեսված և հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման գումար:
ՃՈ բողոք է բերել, սակայն Վարչական վերաքննիչ դատարանն այն մերժել է՝ անփոփոխ թողնելով վարչական դատարանի վճիռը:
«Ցանկացած նշան, որը տեղադրվում է, պետք է ունեն իրավական հիմք: Ես կասկած ունեմ, որ ոչ մի նշան, որը Հայաստանում տեղադրված է իրավական հիմք չունի կամ էլ՝ մեծամասնությունը չունեն,- նշում է փաստաբանը և շարունակում,- նշանը նրանք ամեն օր փոխում են և ամեն օր չեն կարող կառավարության կամ քաղաքապետի որոշում լինի, բացի այդ կարևոր է նաև նշանի տեսակը, ճանապարհային նշան կա, որ նրանք ընդհանրապես իրավասու չեն փոխել՝ առանց կառավարության համապատասխան որոշման, քանի որ դա իրավունքների սահմանափակում է»:
Գ.Թ.