Համաձայն Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի` քրեական վարույթը իրականացնող մարմինը ձերբակալված և կալանավորված անձանց ձերբակալելու մասին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը` որպես խափանման միջոց, կիրառելու մասին որոշումը հայտարարելու պահից վերջիններիս տրամադրում է առանձին, անարգել տեսակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի և տևողության սահմանափակման,- այս մասին Իրավաբան net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիսի պայմաններում, որոնցում ձերբակալվածների պահելու վայրի կամ կալանավորվածների պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեսնել, բայց ոչ լսել: Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը, որպես կանոն, նրա մերձավոր ազգականների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումները, տրամադրում է ձերբակալվածների կամ կալանավորվածների պահելու վայրի պետի որոշմամբ:
Իրավաբանի փոխանցմամբ` նախաքննության շահերից ելնելով` ձերբակլաված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածների կամ կալանավորվածների պահելու վայրի վարչակազմին:
Աղբյուրը` Իրավաբան.net