Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկվել 3 քաղաքացի. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանությունից. «Նրանց անունները և այլ ինֆորմացիա չենք կարող տրամադրել, քանի որ գործը դեռևս քննության փուլում է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան փողոցում արյունոտ վիճակում տղամարդ է ընկած: Հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1962 թ. ծնված, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Աբովյան փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին: