Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քննում է ոչ բոլոր պահանջները

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արտադատական կառույց է: Գրասենյակի  նպատակը  ֆինանսական բնագավառում սպառողների բողոքների քննումն ու սպառող-կազմակերպություն վեճերի լուծումն է: 

Գրասենյակի առավելությունն այն է, որ այստեղ  վեճերի քննությունն անվճար է և  առավել արագ ու արդյունավետ:

«Պետք է նկատի ունենալ, սակայն, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը քննում է ոչ բոլոր պահանջները, այլ միայն նրանք, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից ֆինանսական կազմակերպության դեմ, կապված են կազմակերպության կողմից  մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ»,- Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելուց առաջ նախ պետք է դիմել համապատասխան ֆինանսական կազմակերպությանը, վերջինս տասը աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է տրամադրել գրավոր վերջնական պատասխան: Եթե կազմակերպության տրամադրած պատասխանը Ձեզ չի բավարարում, կամ կազմակերպությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ չի տրամադրում գրավոր պատասխան, ապա Դուք ձեռք եք բերում իրավունք դիմել Հաշտարարին:

«Հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է»,- նշում է իրավաբանը:

Իրավաբան. net-ի լրագրողի հետ զրույցում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի պահանջներ քննող մասնագետ Վարդուհի Սեմերջյանը փոխանցեց,  որ քաղաքացու խնդիրը նախ լսում է պահանջներն ընդունող մասնագետը, եթե վերջինս կարծում  է, որ տվյալ պահանջը ենթակա է քննության Հաշտարարի գրասենյակի կողմից, ապա  քաղաքացու կողմից գրվում է դիմում, որից հետո այն Հաշտարարի կողմից մակագրվում է պահանջները քննող մասնագետներից որևէ մեկին:

Վարդուհի Սեմերջյանի խոսքով` դիմումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա  ընթացքում համապատասխան ֆինանսական կազմակերպությանն ուղարկվում է առաջին գրությունը, որին վերջինս  14  աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրավոր պատասխան ներկայացնել:  Գրավոր պատասխանը ստանալուց հետո սկսվում է գործի քննությունը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել