Ինչպե՞ս ԱԺ պատգամավորները քննարկեցին ՄԻՊ զեկույցը

Հոկտեմբերի 20-ից խորհրդարանը սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: ԱԺ-ն այս նիստի ընթացքում շարունակում է քննարկել «2013 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր թույլ չտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին շարունակել իր ելույթը: Տիկին Փոստանջյանը ընթերցում էր, իր խոսքերով, քաղաքացիական մի դատավճիռ, որը կայացվել է Ազատության հրապարակում, նա իր ելույթում խոսեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումից: Էդուարդ Շարմազանովը պատգամավորին հորդորեց կոռեկտություն դրսևորել, սակայն վերջինս չարձագանքեց, ինչից հետո ԱԺ նախագահի տեղակալն անջատեց նրա խոսափողը: Տիկին Փոստանջյանը ոչ մի արձագանք չտվեց և շարունակեց ընթերցել իր ելույթը, ամբիոնից հեռացավ միայն այն ավարտելուց հետո: Այնուհետև պարոն Շարմազանովը պարզաբանեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգի` երկու անգամ նախազգուշացրել է և անջատել խոսափողը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձավ աղքատությանը` ընդգծելով, որ 1 մլն աղքատներ կան Հայաստանում. «Էտ ո՞նց ա ստացվում, ուրեմն պետք ա զբաղվել նաև նրանց իրավունքներով: Հարկավոր է խնդիները գլոբալ դիտարկել»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը արտահերթ ելույթ ունեցավ, նա ՄԻՊ-ի զեկույցին անդրադարձավ մի քանի խոսքերով` ասելով, որ կան բազմաթիվ կարևոր շեշտադրումներ, իսկ իր ելույթի ամբողջ ընթացքում խոսեց ընդդիմադիրների քայլերից, ինչպես նաև պատգամավորների պահվածքից խորհրդարանում:

«Սահմանադրական իրավունք» միություն (ՍԻՄ) անդամ Հայկ Բաբուխանյանն իր ելույթի սկզբում շեշտեց. «Արդեն առիթ է դարձել, որ մենք փոխանակ քննարկենք ՄԻՊ-ի զեկույցը, միտինգ ենք այստեղ անում»: Այսկերպ նա անդրադարձ կատարեց  Զարուհի Փոստանջյանի ելույթին, այդպես էլ չխոսելով ՄԻՊ-ի զեկույցին: Այնուհետև նա ասաց. «Ամենահարուստ ֆրակցիայի` ԲՀԿ-ի ներկայացուցիչը, հարց է տալիս` ի՞նչ անել աղքատներին, նրանց հետ կիսեք ձեր ապարանքներով»,- հեգնեց պադգամավորը` նկատի ունենալով ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանին:

Այնուհետև տեղի ունեցավ զեկույցի քննարկումը խմբակցությունների մակարդակով, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ռուբիկ Հակոբյանը քաղաքական շեշտադրումներ արեց: ՀԱԿ խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը անդրադարձավ 5 իրավունքների` կյանքի, մարդու ազատության, սեփական իշխանության ընտրության, մամուլի և հեռուստատեսության ու հավաքների ազատության իրավունքներին՝ մեկ առ մեկ խոսելով ՄԻՊ զեկույցում այս իրավունքների արծարծման հարցից:

Վերջում Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով` պատճառաբանելով, թե ինչու Զարուհի Փոստանջյանին զրկեց ելույթի իրավունքից: Նա պատգամավորներին խնդրեց իրեն դաս չտալ, միաժամանակ հորդորելով կարդալ ԱԺ կանոնակարգը:

Զեկույցի քննարկումը կշարունակվի վաղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել