Որքա՞ն է կազմում ՀՀ Գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը

2007 թվականի փետրվարի 22-ին ընդունված «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը 2014 թվականի պետական բյուջեի օրենքով կազմում է 428.070 դրամ, իսկ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 85.60%-ը, որը կազմում է 366.428 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը դառնալու է 992.100 դրամ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի աշխատավարձը 2014 թվականի հուլիսի 1-ից դառնալու է 727.540 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող նոր օրենքով դատախազի պաշտոնում աշխատանքային ստաժի համար դատախազին վճարվում է հավելավճար՝ յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով: Բացի այդ, դատախազը դասային աստիճանի համար ստանալու է հավելավճար: Ընդ որում, դատախազներին վճարվող լրացուցիչ աշխատավարձի պայման հանդիսացող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով դասային, դիվանագիտական աստիճանների, կոչման (այդ թվում դասային և հատուկ), ինչպես նաև վերը նշված իրավական ատկով սահմանված դեպքերում՝ օտար լեզուների իմացության, աշխատանքային և (կամ) ծառայության ստաժի համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում են հավելավճարներ: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց շնորհված դասային, դիվանագիական աստիճանների և կոչման համար հավելավճարները սահմանվում են պաշտոնային դրույքաչափի նկատմամբ: Տվյալ մարմնում ամենացածր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային կամ դիվանագիտական աստիճանի կամ կոչման համար հավելավճարի չափը աճում է 1 տոկոսով:

«Դատախազության մասին» ՀՀ օրենքով՝ արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանի համար սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 100%-ի չափով: Մյուս դասային աստիճանների նկատմամբ սահմանվում է հավելավճարի առավելագույն չափ` հիմքում դնելով գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի`
1) արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի համար` 85%-ը.
2) արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի համար` 80%-ը.
3) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75%-ը.
4) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65%-ը.
5) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի համար` 60%-ը.
6) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55%-ը.
7) առաջին դասի խորհրդականի համար` 50%-ը.
8) երկրորդ դասի խորհրդականի համար` 45%-ը.
9) երրորդ դասի խորհրդականի համար` 40%-ը:

Նույն օրենքի համաձայն դասային աստիճան ունեցող դատախազները ստանում են հավելավճար` դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար` իրենց շնորհված դասային աստիճանի նկատմամբ սահմանված հավելավճարի առավելագույն չափի 4-ական տոկոսի չափով: Բոլոր դեպքերում դասային աստիճանի համար տրվող հավելավճարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

Պետք է նշել, որ թեև «Դատախազության մասին» ՀՀ օրենքը ևս սահմանում է դատախազների հավելավճարներ՝ դասային աստիճանների համար, սակայն Իրավաբան.net-ի ունեցած տեղեկություններով մինչ օրս դատախազները չեն ստացել օրենքով նախատեսված վերը նշված հավելավճարները:

2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Նշենք նաև, որ ՀՀ Գլխավոր դատախազն ունի չորս տեղակալ:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների, ՀՀ վարչապետի, ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային նոր դրույքաչափերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել