Քաղաքագետ Արկադի Վարդանյանի գործով հրապարակվեցին գաղտնալսումներ

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Դատական նիստին ներկայացել էր նաև նախաքննության փուլում ներգրավված Արկադի Վարդանյանի պաշտպան Ռուբեն Կիրակոսյանը:

Այսուհետ ամբաստանյալի շահերը դատարանում կներկայացնեն երկու պաշտպաններ՝ Ռուբեն Կիրակոսյանը և Գայանե Գալոյանը: Նիստի ընթացքում հրապարակվեցին գործով հետազոտված ապացույցները: Ըստ հրապարակված ապացույցների՝ երեք ամբաստանյալների նկատմամբ էլ նախկինում եղել է հարուցված քրեական գործեր:

Ամբաստանյալ Արսեն Ավետյանի նկատմամբ նախկինում երկու անգամ իրականացվել է քրեական հետապնդում, սակայն երկու դեպքում էլ համաներմամբ գործը կարճվել է:

Արկադի Վարդանյանը ևս նախկինում եղել է դատապարտված, իսկ Վարուժան Սաֆտալյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ևս կարճվել է:

Ըստ հրապարակված ապացույցների՝ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը բերման է ենթարկվել ԱԱԾ-ի կողմից Ֆրանսիայի հրապարակից: Մինչդեռ Արսեն Ավետյանի պաշտպան Գևորգ Մելքոնյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ իր հավաստի տեղեկությունների համաձայն վերջինս բերման է ենթարկվել Արսեն Ավետյանի հոր՝ գործով տուժող Ռոբերտ Ավետյանի տանից, երբ վերջինիս տանն իրականացվում էր խուզարկություն: Հրապարակվեցին նաև Արսեն Ավետյանի, Վարուժան Սաֆթալյանի և Արկադի Վարդանյանի հեռախոսահամարների կատարած գաղտնալսումները և Արկադի Վարդանյանի, Արսեն Ավետյանի միջև «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած խոսակցությունը: Նախ հրապարակվեց մայիսի 6-ին և 10-ին ամբաստանյալ Արսեն Ավետյանի և Վարուժան Սաֆտալյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունը, որտեղ Արսեն Ավետյանը Վարուժան Սաֆտալյանին ասում է, որ ձեռք բերի ազալեպտին կոչվող դեղահաբը: Խոսակցության մեջ հայտնում է նաև, որ հայրը՝ տուժող Ռոբերտ Ավետյանն իրեն և որդուն՝ Ռոբին, տանից դուրս է հանել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` հենց այս դեղահաբի միջոցով էլ ամբաստանյալները փորձել են կազմակերպել տուժողի սպանությունը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել ավարտին հասցնել սկսածը: Ձայնագրության մեջ ամբաստանյալ Վարուժան Սաֆտալյանը ափսոսում է, որ հիմա գումար չունի, որ Արկադի Վադանյանի և Արսեն Ավետյանի հետ գնան մի տեղ խմելու: «Փող ճարեմ գնանք ես, դու, Արկադը մի տեղ խմենք, ուղղակի հիմա փող չկա ձեռքս: Արկադին կարգին մուժիկա»,- ասվում է ձայնագրության մեջ:

Ամբաստանյալներ Արսեն Ավետյանը և Վարուժան Սաֆտալյանը ձայնագրությունը գլուխները կախ էին լսում: Դատարանը հրապարակեց նաև մայիսի 15-ին Արկադի Վարդանյանի և Արսեն Ավետյանի միջև «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած խոսակցությունը: Բայց քանի որ խոսակցության մեջ կային անվայել արտահայտությունները, իգական սեռի ներկայացուցիչները լքեցին նիստերի դահլիճը: Ձայնագրության ձայնը շատ ցածր էր և վերջիններիս խոսակցությունը գրեթե չէր լսվում: Ինչպես նաև խոսակցության մի մասը ռուսերեն լեզվով էր: Հրապարակվեց նաև Արկադի Վարդանյանի և բժիշկներ, քրեական գործով որպես վկա ներգրավված Ռուդոլֆ Գաբրիելյանի և Սամվել Քոչինյանի հետ ունեցած հեռախոսազրույցը, որտեղ ամբաստանյալը հետաքրքրվում է ազալեպտին կոչվող դեղահաբի մասին: Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը միջնորդեց Արկադի Վարդանյանի և Արսեն Ավետյանի միջև սրճարանում տեղի ունեցած խոսակցությունն անթույլտարելի ճանաչել և հանել ապացույցների կազմից, քանի որ գրեթե չի լսվում: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը դեմ էր առաջադրված միջնորդությանը, քանի որ, ըստ նրա, խոսակցությունը շատ պարզ լսվում է հետևաբար միջնորդությունը ենթակա է մերժման:

 Միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց, քանի որ ապացույցների հետազոտման, այլ ոչ թե գնահատման փուլն է: Հիշեցնենք, որ Արսեն Ավետյանին և Արկադի Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծրագրել են ապօրինաբար կյանքից զրկել Ռոբերտ Ավետյանին, իսկ Վարուժան Սաֆտալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով զգալի չափով հոգեմետ նյութ է ձեռք բերել և տրամադրել Արսեն Ավետյանին, բացի այդ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր հանցագործության մասին չի հայտնել:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Արև Ավագյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել