Նոր կենտրոն կհիմնվի, ինչի արդյունքում 50 աշխատատեղ կբացվի

Մարտի 29-ին կայալանիք կառվարության հերթական նիստի ժամանակ գործադիրը որոշում կընդունի Փարաքար համայնքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն է դիմել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը՝ տեղեկացնելով, որ 2017 թվականի օգոստոսի 4-ին ժամը 16:00-ին ՀՀ վարչապետի Արմավիրի մարզ այցի խորհրդակցության N 24.9/[417647]-17 արձանագրության 3-րդ կետի 1-ին ենթակետի բ պարբերությամբ առաջարկվել է քննարկել Փարաքար համայնքի դպրոցի վթարային շենքը համայնքին հանձնելու հնարավորության հարցը:

Վարչությունը բարձրացված խնդիրը քննարկել է Արմավիրի մարզպետարանի հետ՝ միաժամանակ տեղեկացնելով, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող դպրոցի վթարային մասնաշենքը համայնքին հանձնելու համար անհրաժեշտ է Վարչություն ներկայացնել ՀՀ կառավարության 2016թ-ի հոկտեմբերի 13-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը հաստատելու մասին» N1067-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխանության վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի կողմից Վարչությանն է տրամադրվել Փարաքար գյուղի հիմնական դպրոցի շենքի նորովի օգտագործման ծրագիրը: Համաձայն այդ ծրագրի համայնքի կողմից նախատեսվում է նախկին դպրոցի վթարային շենքում հիմնել ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն՝ ստեղծելով մոտ 50 նոր աշխատատեղ, և 3 տարվա ընթացքում իրականացնելով 50 միլիոն դրամի ներդրում:

Դպրոցի ներկայումս վթարային վիճակում գտնվող շինությունը միտված է լինելու դարձնել զբաղվածության յուրովի կենտրոն՝ այն ծառայեցնելով համայնքում ՏՏ որոլտի զարգացման, ոսկերչության ու ոսկու վերամշակման ոլորտում մասնագետներ պատրաստելու համար: Ծրագրով նախատեսվում է տարածք տրամադրել «Microsoft Innovation Center Armenia» կազմակերպությանը՝ ծրագրավորման տարատեսակ դասընթացներ անցկացնելու նպատակով:

ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1051-Ա որոշման համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող դպրոցի շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար հողատարածքը հետ է վերցվել «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ից՝ այն թողնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավար­ման վարչության տնօրինությանը:

Նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող,  ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող «Փարաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 968.2 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքը, 87.8 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 20.2 քառ. մետր մակերեսով պահեստը և 4.0 քառ. մետր մակերեսով զուգարանը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.43 հեկտար մակերեսով հողամասը՝ նվիրաբերել Արմավիրի մարզի Փարաքար համայնքին՝ շենքում ինֆորմացիոն տեխնոլոգիաների կենտրոն հիմնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել