Սոցապահովման ծառայությունում առանցքային փոփոխություններ կլինեն

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանն օգոստոսի 15-17-ը Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ անցկացրել է աշխատանքային  խորհրդակցություններ, որոնց նպատակն է եղել գնահատել ոլորտում առկա իրավիճակը, Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին և խնդիրներին ծանոթանալը, համատեղ և թիմային աշխատանքում նոր պահանջներն ու մոտեցումներ ներկայացնելը:

Խորհրդակցության ընթացքում կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի՝ բարձր մակարդակով իրականացված աշխատանքը, կհամարվի նրա այցեքարտը:

Հովհաննես Սահակյանի խոսքով՝ ամենօրյա և հետևողական աշխատանքի արդյունքում պետք է բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և մեկընդմիշտ գիտակցել, որ ոլորտի շահառուները հիմանականում մեր ծնողներն ու տատիկ–պապիկներն են, որոնց պետք է մատուցել բարձրակարգ ծառայություն:   

Հովհաննես Սահակյանը նշել է, որ Ծառայությունում առանցքային փոփոխություններ կլինեն և ունեցած հսկայական ներուժով և գործիքակազմով՝ բաց, թափանցիկ ու համատեղ աշխատանքի շնորհիվ կծառայեն սեփական ժողովրդին և պետությանը:

Ծառայության պետն իր խոսքում ընդգծել է, որ մեկ ընտանիքի անդամ լինելու գիտակցումով և թիմային լավ աշխատանքի շնորհիվ հնարավոր է բարձրացնել կառույցի նկատմամբ քաղաքացիների վստահությունը՝ արդարացնելով Հանրապետության Նախագահի և երկրի ղեկավարության ակնկալիքները:

Նա հավելել է, որ ոլորտի հետ առնչվող յուրաքանչյուր խնդիր ունենալու է հրապարակային քննարկում, որի շնորհիվ էլ գտնվելու են հրատապ լուծումներ:

Խորհրդակցությունների ժամանակ զեկույցների, հարցադրումների ու պարզաբանումների արդյունքում գնահատվել և արձանագրվել են Ծառայությունում աշխատանքների իրականացման ներկա ընթացքն ու առկա խնդիրները, որոնց տրվել են իրավիճակային լուծումներ:

Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունում մշտական ու շարունակական են լինելու բարեփոխումները՝ ուղղված ոչ միայն աշխատանքային ու այլ պայմանների բարելավմանը, այլ նաև քաղաքացիների համար Ծառայության գործառույթների առավել հասանելի ու մատչելի դարձնելուն:

Խորհրդակցության վերջին օրը տրվել են հանձնարարականներ և նշվել են այն մոտեցումներն ու ակնկալիքները, որոնք դառնալու են համատեղ աշխատանքի ուղեցույցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել