Փաստաբանական համայնքում ի սպառ պետք է վերանա «թիմ-թիմ», «ճամբար-ճամբար» աշխատելաոճը. փաստաբաններ

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ  Իրավաբան.netը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:

Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածուներ, փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի հետ հարցազրույցը.

-Խնդրում եմ ներկայացրեք, թե որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:

-Ծրագիր անունը չդնենք: Ասենք՝ ինչ ենք մենք ուզում.

1. Պետք է նվազի Պալատ վճարվող անդամավճարի չափը: Դրա տեղն ու հնարավորությունը կա: Ապագայում կարծում ենք, անհրաժեշտ է անցնել անդամավճարի չափի տարբերակված մոդելին: Սկսնակ փաստաբանի եւ տարիների փորձ ունեցող ու շուկայում իր տեղը գրաված փաստաբանի կողմից վճարվող անդամավճարի չափը նույնը լինել չի կարող:

2. Պետք է ընդլայնվի Պալատի խորհրդի կազմը: Անցած տարիներին համայնքը մեծացել է, ըստ էության, եռապատկվել է: Ուստի պետք է մեծանա նաեւ ներկայացուցչությունը եւ, հետեւաբար, նաեւ Խորհրդի կազմը (16-18 անդամ): Ընդ որում, դա, նաեւ, կբերի ընտրությունների ժամանակ անտեղի լարվածության նվազմանը:

3. Պետք է կկրճատվի Փաստաբանական դպրոցի ընդունելությունը (տարեկան 15-20 ունկընդիր): Համաձայնե՛ք, որ այն տեմպը, որով Դպրոցը փաստաբաններ է պատրաստում, շուտով բերելու է շուկայի գերհագեցվածության:

4. Հանրային պաշտպանների աշխատավարձերը պետք է բարձրացվեն: Ապագայում, կարծում եմ, պետք է քննարկման առարկա դառնա հանրային պաշտպանությունը, այսինքն՝ պետական միջոցներով պաշտպանի մասնակցությունը մրցույթով կազմակերպելու հարցը: Այսինքն, պատվիրատուն՝ պետությունը, հայտարարում է տարվա համար մրցույթ, փաստաբանական գրասենյակները դրան մասնակցում են: Հաղթողները ստանում են պետպատվեր՝ որոշակի քանակի գործերի համար:

 5. Պետք է կրճատել Պալատի աշխատակազմը, իսկ աշխատանքի ընդունելությունը պետք է իրականացվի բացառապես մրցույթով: Որպես «միկրո» ծրագիր, կարծում ենք, որ Պալատի շենքի ճակատից պետք է հանվի հյուրանոցի գովազդը: Մխիթար Գոշի արձանն ու հյուրանոցի գովազդը համատեղելի չեն: Ու, ամենակարեւորը, փաստաբանական համայնքում ի սպառ պետք է վերանա «թիմ-թիմ», «ճամբար-ճամբար» աշխատելաոճը: Բոլոր փաստաբանները ընկերներ են: «Իմ մարդ, քո մարդ» զզվելի գաղափարը պետք է վերանա: Այս իմաստով, առանձին բացառություններով, մեզ  շատ դուր են գալիս թեկնածուների շփումները՝ անկախ «թիմա-ճամբարային» պատկանելությունից:

Նախընտրական միջոցառումները անցնում են գրեթե առանց արտակարգ դեպքերի, նույնիսկ տեղյակ եմ, որ «ցուցակագրված» մի շարք թեկնածուներ կամովին հրաժարվել են այդ ձեւով նախընտրական ծրագիր անցկացնելուց, ինչը պետք է դրական գնահատել: Մենք «ցուցակաբազության» դեմ պայքարելու ենք բոլոր հնարավոր միջոցներով:

-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:

-Մեղավորը պետք է պատժվի: Այսքանն առայժմ: Քրեական գործ է քննվում, ու այդ պայմաններում խնդիր լուսաբանելը, կարծում ենք, սխալ է: Սխալ ենք համարում նաեւ խնդրին առնչվող անձանց կողմից ներկա նախընտրական փուլում մամուլի միջոցով հարցի շահարկումը՝ որպես նախընտրական զենք:  Այդ պայմաններում հարցը շահարկելը, որպես նախընտրական զենք, գեղեցիկ ու ազնիվ չէ:

-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:

Պալատի ֆինանսական միջոցների տնօրինումը պետք է առավել թափանցիկ դառնա: Պալատի փողը հիմնականում առաջանում է փաստաբանների անդամավճարներից, ուստի, համաձայնե՛ք, որ ցանկացած փաստաբան պետք է իրավունք ունենա իմանալ ցանկացած լումայի ծախսի մասին:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել