Հատկապես սիրում եմ հայկական գաթա թխել․ Գոռ Հովհաննիսյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է Բեռլինի Հումբլոտի անվան համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

 -Ինչո՞վ առանձնացավ 2016թ. թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2016-ին երկու անգամ մասնավոր դասախոսություններով հանդես եկա ՀՀ-ում՝ իրավաբանական մեթոդաբանություն, վարչական իրավունք և քաղաքացիական իրավունք  առարկաներից, որի արդյունքում մի շարք փաստաբաններ ու պրակտիկ իրավաբաններ հնարավորություն ունեցան ծանոթանալ իրավագիտության նորագույն նվաճումներին և ամբողջովին փոխել իրենց իրավաընկալումն ու իրենց պատկերացումն իրավունքի մասին ընդհանրապես։ Բացի այդ, մասնակցեցի Վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծի և Կուսակցությունների մասին նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներին՝ իմ մասնագիտական գիտելիքներով նպաստելով որակյալ օրենքներ ունենալուն։

Լուրջ բացթողումներ մասնագիտական ոլորտում, իմ կարծիքով, չեմ ունեցել։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-2016 թվականին Գերմանական գիտահետազոտական ընկերության Լայբնիցի անվան մրցանակին արժանացավ Բեռլինի Հումբոլդտի անվան Համալսարանի հանրային իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆ Մյոլերսը հանրային իրավունքի, հատկապես սահմանադրական իրավունքի ոլորտում իր աչքի ընկնող աշխատությունների համար։ Իր այդ աշխատություններում նա միավորում է իրավաբանական, պատմական, փիլիսոփայական, նորմատիվ և քաղաքագիտական մոտեցումներն ու գիտելիքները և դրանով նոր մասշտաբներ սահմանում ոչ միայն իրավագիտության համար։ Նշեմ, որ Լայբնիցի անվան մրցանակն այլ կերպ անվանում են գերմանական նոբելյան մրցանակ։

-Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի և ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում։ 

-Այս տարի ևս զավեշտալի ակտերի հարցում իր բարձունքում մնաց ՀՀ սահմանադրական դատարանը։ Նա իր 21.06.2016 թ. ՍԴՈ-1282 որոշմամբ անդրադար­ձել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (ՎԻվՕ) 32-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցին և որոշել, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ ՎԻվՕ 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարա­հանման միջոցով, ապա վարչական պատասխանատվության է ենթարկվում տրանսպորտային միջոցի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ խախտումը կա­տարել է այլ անձ: Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1282 որոշման մեջ արտահայտել է հետևյալ չափազանց զավեշտալի դիրքորոշումը․ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետ­ման և տնօրինման իրավունքները: Ընդ որում, վերը նշված դրույթում «այլ անձանց իրավունք­ներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն» բառակապակցու­թյունը ներառում է, ի թիվս այլնի, ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման պարտականությունը: Իսկ նշված պարտականությունը, իր հերթին, ներառում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ` տրանսպորտային միջոցն այն անձի փաստացի օգտագործմանը հանձնելու պարտականությունը, ով թույլ չի տա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ կետի նորմը հիշյալ բովանդակությամբ մեկնաբանելով՝ սահմանա­դրական դատարանը խախտում է իրավունքի ֆունդամենտալ սկզբունքներից մեկը՝ impossibilum nulla est obligatio  (= անհնար բանը չի կարող պարտականություն լինել)։  Անհնար է սեփական մեքենան հանձնել միայն այն անձի փաստացի օգտագործմանը, ով թույլ չի տա ճանապարհային երթեևեկության կանոնների խախտում։ Ճանապարհային երթևեկությանը մասնակցելը միշտ իր մեջ պարունակում է ընդհանուր կենսական ռիսկ, որ վարորդը վթարի կենթարկվի կամ թույլ կտա երթևեկության կանոնների այլ խախտում։ Ոչ ոք երաշխավորված չէ երթևեկության կանոնների խախտումներից։ Հետևաբար, անհնար է գտնել մի մարդու, ով թույլ չի տա ճա­նապարհային երթևեկության կանոնների խախտում, և սեփական մեքենան հանձնել միայն նրա փաստացի օգտագործմանը։ Քանի որ այդ պաhանջի կատարումն անհնար է, այն չի կարող լինել պարտականություն (impossibilum nulla est obligatio)։

Սահամանադրական դատարանը, սակայն, այսքանով չի սահմանափակվում։ Նույն որոշման մեջ նա ասում է, թե ՎԻվՕ 32-րդ հոդվածի 3-րդ մասի նպատակը, ի թիվս այլնի, նաև «վարչական իրավախախտում կատարած անձի պատասխանատվության  անխուսափելիության երաշխավորումն է»։ Երևի դժվար է մտածել ավելի զավեշտալի հիմնավորում։ Իրականում ՀՀ ՎԻվՕ 32-րդ հոդվածի 3-րդ մասը հենց չի երաշխավորում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, որովհետև իրական իրավա­խախտի փոխարեն մեքենայի սեփականատիրոջը մի իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթարկելով, որը նա չի կա­տարել, իրական իրավախախտը մնում է անպատիժ և կշարունակի հե­տագայում ևս կատարել իրավախախտումներ։ Իրական իրավախախտի փոխարեն մեքենայի սեփականատիրոջը պատասխանատվության են­թարկելը հենց չի տանում պատասխանատվության անխուսափելիու­թյան ապահովման, քանի որ իրական իրավախախտը մնում է անպա­տիժ։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Իբրև բարի ու մարդասեր պապիկ՝ նրան երևի ամենից շատ կսազեր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ծննդյան տոները նշել եմ ընկերների հետ, իսկ Ամանորը նշում եմ քրոջս հետ Բրեմենում։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Այո, հատկապես սիրում եմ հայկական գաթա թխել։

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:

-Առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ։ Աշխատելու եմ հնարավորինս ավելի ջանասեր լինել մասնագիտական ոլորտում։

-Դուք ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ձմեռ պապից խնդրել եմ  խաղաղություն ու արդարություն ամբողջ աշխարհի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել