Մերի Մարգարյանի մահվան գործը դատարանը վերադարձրել է

«Շենգավիթ» բժշկական կենտրոն մանակաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բաշխյանի դեմ հարուցված քրեական գործը Շենգավթի վարչական շրջանի դատարանը մայիսի 30-ին վերադարձրել է մեղադրող դատախազին. այս մասին տեղեկանում ենք գինեկոլոգի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից:

Դատարանի որոշման հիմքում Քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածն է, որի առաջին մասի համաձայն, գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշում դատավորը կայացնում է այն դեպքում, երբ մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, կամ արարքի իրավաբանական որակումը չի համապատասխանում արարքի նկարագրությանը կամ չի բխում գործում առկա ապացույցներից:

Իսկ նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ գործը մեղադրողին վերադարձնելու մասին որոշման մեջ, բացի նման որոշում կայացնելու հիմքերից, նշվում է այն ժամկետը, որի ընթացքում դատախազը պետք է վերացնի մեղադրական եզրակացությունում առկա թերությունները: Եթե մեղադրյալը գտնվում է կալանքի տակ, նշված ժամկետը չպետք է 3, իսկ մնացած դեպքերում` 7 օրվանից ավելի լինի:

Այսինքն, մեղադրողը, ամենայն հավանականությամբ, յոթ օրվա ընթացքում կվերացնի մեղադրական եզրակացության մեջ առակա թերություները վերացնի և նորից գործն ուղարկի դատարան:

Հիշեցնենք, որՔննչական կոմիտեից հայտնել էին, որ Մ.Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

Ըստ աղբյուրի` դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։ Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ.Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը:

Վերջինս 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն և վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար և տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական և մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող և հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաև՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետևանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի և գլխուղեղի այտուցից մահացել է նաև նրա նորածին դուստրը:

Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև նշված ԲԿ-ի՝ 2015 թվականի հուլիսի 25-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Ա.Բաբելյանի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորելու վերաբերյալ։ Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շ.Բախշյանին և Ա.Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել