«Ժամանակ» օրաթերթը գրում է, որ իրենց խմբագրություն է դիմել ՀՀ քաղաքացի Ժաննա Յուսուպովան և հայտնել է, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալ:
Ոստիկանության աշխատակիցները տակնուվրա են արել քաղաքացու բնակարանը, բացել են ներքնազգեստի պահարանը և սկսել են զվարճանալ: Խուզարկությունը ավարտելուց և ոչինչ չգտնելուց հետո իրեն և ընկերուհուն «քարշ են տվել» Արտաշատի ոստիկանության բաժին: Ժաննան պատմել է, որ Արտաշատի բաժնում 4 ժամ շարունակ ոչ իրեն և ոչ էլ ընկերուհուն թույլ չեն տվել զուգարան գնալ, ջուր խմել:
Ժաննայի խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում գտնվելու ամբողջ ընթացքում մի քանի հոգի պարբերաբար մտել-դուրս են եկել, սպառնացել են իրեն, ստիպել են ստորագրել քննիչի կողմից թելադրված ցուցմունքի տակ: Նա հրաժարվել է, բայց ի վերջո ստորագրել է սպառնալիքների հետևանքով, որից հետո միայն գիշերվա մոտ ժամը 4-ին նոր բաց են թողել:
Իրավաբան.net-ի թղթակիցը Քննչական կոմիտեից փորձեց ճշտել այս տեղեկությունը և իմանալ արդյո՞ք ընթացք է տրվել հանցագործության մասին այս հաղորդմանը: Մեզ փոխանցեցին, որ մամուլի հրապարակումը ուղղարկվել է ուսումնասիրության՝ ներքին ավտանգության բաժին: Գործի հետագա զարգացման մասին քննաչական կոմիտեն կտրամադրի լրացուցիչ տեղեկություն` միայն գործը ուսումնասիրելուց հետո: