Այսօր ՀՀ սահմանադրական դատարանում տեղի ունեցավ քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը:
Հիշեցնենք, որ 01.04.2011թ. ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն` հասարակական կազմակերպությունները իրավունք չունեն իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դիմելու դատական պաշտպանության` նշելով, որ «… վարչական դատարան դիմելով արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են» (գործ` ՎԴ/3275/05/09):
Քննարկումը ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունայանի խոսքով կարևոր է այնքանով, որ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման գործընթացին կոնկրետ օրինակներով են ծանոթանալու:
Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ նաև դատարանի մատչելիության խնդրին:
«Հանրային իրավունքում և վարչական և սահմանադրական արդարադատության պրակտիկայում գերխնդիր է ոչ թե ինչ-որ պատասխան տալը, այլ` խնդրի լուծում: Դատարանը պետք է իր առջև դրված խնդիրն իր իրավասությունների շրջանակներում լուծի, եթե դրան խանգարում են ինչ-ինչ ընթացակարգեր, ապա պետք է փոխվեն ընթացակարգերը»,- նշեց Սահմանադրական դատարանի նախագահը:
Քննարկման ընթացքում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խմբի իրավաբանն բարձրաձայնեց մի շարք խնդիրներ` actio popularis սկզբունքի իմաստը (այդ հիմնահարցի շուրջ ՍԴ իրավական դիրքորոշման ճիշտ մեկնաբանումը), Թեղուտի գործի շրջանակներում վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված դիրքորոշման համապատասխանությունը ՍԴ-ի իրավական դիրքորոշմանը:
Հոկտեմբերի 4-ից 6 Երևանում հրավիրվելու է խորհրդաժողով Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ: Վերոհիշյալ խնդիրը բարձրաձայնվելու է նաև այդ խորհրդաժողովի ժամանակ` համապատասխան լրացումներ, ամբողջացումներ կատարելուց հետո:
Գագիկ Հարությունյանի կարծիքով` ապագայում երկիրը պետք է գնա անհատական դիմումների լիարժեք ինստիտուտի ներդրմանը, որն այսօր գործում է Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում, և դատական ակտերը նույնպես սահմանադրական արդարադատության օբյեկտ հանդիսանան: