6 ամսվա ընթացքում գտանքի սեփականատիրոջը չհայտնաբերելու դեպքում` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը

Գտանք է համարվում ուրիշի գույքի հայտնաբերումը, որի պարագայում այն գտնողի մոտ առաջանում են իրավունքներ և պարտականություններ:
§ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածի համաձայն` կորցրած գույքը գտնողը պարտավոր է այդ մասին անհապաղ հայտնել գույքը կորցրած անձին կամ գույքի սեփականատիրոջը կամ իրեն հայտնի որևէ այլ անձի, որն իրավունք ունի ստանալ այդ գույքը և վերադարձնել այն¦ – նշում է ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով` եթե գույքը գտնվել է շենքում կամ տրանսպորտում, այն պետք է հանձնվի այդ շենքի կամ տրանսպորտի միջոցի սեփականատիրոջը կամ տիրապետողին: Այդ դեպքում անձը, ում հանձնվում է գտանքը, ձեռք է բերում գույքը գտնող անձի իրավունքները և կրում է նրա պարտականությունները:
«Եթե գույքը վերադարձնելու պահանջի իրավունք ունեցող անձը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, գույքը գտնող անձը պարտավոր է գտանքի մասին հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին: Գույքը գտնող անձն իրավունք ունի այն պահել իր մոտ կամ ի պահ հանձնել ոստիկանություն, տեղական ինքնակառավարման մարմին կամ դրանց նշած անձին»,- հայտնում է փաստաբանը:

Եթե գտանքի մասին ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին հայտնելու պահից հետո` վեց ամսվա ընթացքում, գտնված գույքի սեփականատերը կամ այն ստանալու իրավազոր անձը չի հայտնաբերվել կամ գույքի նկատմամբ իր իրավունքի մասին չի հայտարարել այն գտնող անձին, ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում դրա գտնողը:

Եթե գույքը գտնողը հրաժարվում է գտնված գույքը վերածել սեփականության, այն դառնում է համայնքի սեփականություն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել