Վերաքննիչ դատարանում նոր ապացույցներ ներկայացնելու հնարավորությունը խիստ սահմանափակ է

Բացառությամբ արագացված դաքննության կանոններով քննված գործերի` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է գործում եղած, իսկ օրենսգրքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

«Շատ կարևոր է հաշվի առնել, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»,- Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Իրավաբանի փոխանցմամբ` Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք` բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: Նման դեպքերում վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք կամ հաստատված չհամարելու ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքը, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության:

Սերինե Խաչատրյանի խոսքով` «Եթե առաջին ատյանի դատարանը հետազոտված ապացույցների հիման վրա դատական ակտում եզրակացության չի հանգել որևէ փաստական հանգամանքի վերաբերյալ, ինչը պարտավոր էր անել, ապա վերաքննիչ դատարանն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստական հանգամանք, եթե առաջին ատյանի դատարանի կողմից հետազոտված ապացույցների հիման վրա կամ լրացուցիչ ներկայացված ապացույցներով հնարավոր է հանգել նման եզրակացության»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել