15 մլն 590 հազար դրամ է հատկացվելու ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2015 թվականի հոկտեմբերի 5-ից 9-ը «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» 19-րդ միջազգային գիտական կոնգրեսի կազմակերպման և անցկացման նպատակով՝ տրամադրելու համար:
Կառավարության որոշման նախագիծը բխում է «Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության 70 ամյակին նվիրված տոնակատարությունը պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու պահանջներից:
Նշվում է, որ ինստիտուտը 2011 թվականից հանդիսանում է «ֆիզիկական կոիլտուրայի և սպորտի համալսարանների միջազգային Ասոցիացիայի» լիիրավ անդամ, որին անդամագրված են աշխարհի 44 երկրների 52 բուհեր և 15 կազմակերպություններ:
Որպես ընդունված կարգ Ասոցիացիան յուրաքանչյուր տարի հատուկ նիստով կայացրած որոշման համաձայն իրավունք է ընձեռնում որևէ առաջադեմ անդամագրված բուհին իր հոբելյանական տարին նշանավորելու՝ «Օլիմպիական սպորտ և սպորտ բոլորի համար» միջազգային գիտարական կոնգրեսի անցկացման միջոցով:
Այդ իրավունքը այս տարի ստացել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը իր 70 ամյա տարեդարձի առթիվ:
Այնպես որ, 19-րդ միջազգային գիտական կոնգրեսը անցկացվելու է ինստիտուտի 70 ամյակի տոնակատարության օրերին, հոկտեմբերի 6-9-ը՝ Երևանում և այդ ծախսերը կհոգա կառավարությունը: Ակնկալվում է Ասոցիացիայի անդամ 52 բուհերի և 15 կազմակերպությունների, ՀՀ և օտարերկրյա բուհերի գիտնականների, սպորտի և հասարակական գործիչների, պատվավոր հյուրերի մասնակցություն՝ շուրջ 150 մասնակից:
Ի դեպ, կառավարության նախագծում նշվում է, որ հատկացումն արվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարությունը առարկությունների ու առաջարկությունների բաժնում շեշտել էր, որ հարկավոր է նշված ծախսերն իրականացնել ոչ թե ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, այլ ՀՀ 2015թ. պետական բյուջեով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը բուհերի գծով նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում: Ցանկում գրվել է, որ կատարվել են համապատասխան փոփոխություն, բայց ըստ էության՝ ոչինչ չի կատարվել: