Առավել վտանգի աղբյուրները

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի` առավել վտանգի աղբյուրներ են հանդիսանում` տրանսպորտային միջոցները, մեխանիզմները, բարձր լարվածության էներգիան, ատոմային էներգիան, պայթուցիկ նյութերը, ուժեղ ներգործող թույները, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեությունը:
«Առավել վտանգի աղբյուրով պատճառած վնասի համար սահմանված է բարձրացված պատասխանատվության չափ: Մասնավորապես` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ, պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: Այսինքն այս 2 դեպքերից բացի այլ դեպքերում առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը ենթակա է հատուցման ամեն դեպքում»,- iravaban.net-ին հայտնում է «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Փաստաբանի փոխանցմամբ` վնասը հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա, բացառությամբ այն դեպքի, երբ առավել վտանգի աղբյուրը դուրս է եկել սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի տիրապետումից այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով, որի դեպքում պատասխանատվությունը կրում է աղբյուրն ապօրինի տիրապետած անձը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել