Ընտրակաշառքի գործով թանգարանի տնօրենին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված քննության արդյունքում Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այն է ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`պատժվում է տուգանքով` 2 միլիոն դրամից մինչև 2.5 միլիոն դրամի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:: Ըստ մեղադրանքի, հիշյալ անձը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրի քաղաքի 5 բնակչի ընտրակաշառք է տվել՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:
Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը տեսանյութ էր ցուցադրել՝ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից ընտրակաշառք բաժանելու մասին:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Էս ինչ հաշիվ աաա» տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154²-րդ՝ «Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը» հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել