Պատժի կրումը հետաձգելու և պատժից ազատելու կարգը

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համաձայն` եթե դատապարտյալը հղի կին է կամ ունի մինչև երեք տարեկան երեխա կամ տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, ինչպես նաև եթե պատժի հետագա կրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար (հրդեհ կամ այլ տարերային աղետներ, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդություն, մահ կամ այլ բացառիկ հանգամանքներ), ապա պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը:

«Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, նրան և երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու և ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին հարազատի համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով և երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը կամ հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը կամ այլ հանգամանքների մասին տեղեկանքներ, ինչպես նաև դատապարտյալի անձնական գործը»,- ասում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատման օրը ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանում է ուղարկում պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատման օրը: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք օրվա ընթացքում, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումում հաշվառվելու պարտավորության մասին:

Իրավաբանի փոխանցմամբ` դատապարտյալի ներկայանալուց հետո` երեք օրվա ընթացքում, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը պարտավոր է ուղղիչ հիմնարկին տեղեկացնել այդ մասին:

Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում ինքնուրույն և իր հաշվին:

Պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու հիմք հանդիսացած հանգամանքները վերանալու դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ստորաբաժանումը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի չկրած մասից դատապարտյալին ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին՝ հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, կատարած հանցանքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը և պատժի չկրած ժամկետը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել