Վահե Ավետյանի գործով զբաղվող փաստաբանները պահանջում են գործի նյութերին ծանոթանալու համար տրամադրել մեկամսյա ժամկետ

Փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:
Տեղեկացնում ենք, որ մեզ՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներիս, գործի նյութերը տրամադրվել են երեկ, ժամը 22.00-ի մոտակայքում նույն վարչության քննիչ Ռոման Սարդարյանի կողմից, որն անձամբ ներկայացել էր մեր գրասենյակ՝ դրանք հանձնելու:
Գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է: Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին ժամը 10.00-ին հրավիրվում ենք վարչություն՝ ներկայացնելու գործով մեր միջնորդությունները: Եվ սա արվում է այն պարագայում, երբ նույն վարչության Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ նույն օրը առավոտյան տեղեկացնում է, որ գործի մասին դատախազություն զեկուցելու ընթացքում ձեռք է բերել համաձայնություն փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին:
Ակնհայտ է, որ մեզ տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որի համար լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջվում: Համոզվելու համար ընդամենը առաջարկում ենք Արսեն Այվազյանին մասնակցել մեր առաջադրած փաստաբանական փորձարարությանը և այսօր ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը ժամը 17.30 ՀԿԳ վարչության շենքի դիմաց մեր և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին», որը, չի բացառվում, որ բաց է մնացել նրա դպրոցական ծրագրից:
Իսկ ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել