Ծանոթացել է սոցիալական ցանցի միջոցով և հարկադրել սեռական հարաբերության

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ շանտաժի միջոցով սեռական հարաբերության հարկադրելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ երիտասարդ աղջիկը «Вконтакте» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նարեկի հետ։ Համացանցում, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների ժամանակ նրան տեղեկություններ է հայտնել իր անձնական կյանքի վերաբերյալ, այդ թվում, որ նախկին ընկերոջ հետ սեռական հարաբերություն է ունեցել։

Այդ տեղեկությունները հրապարակելու, այն է` ծնողներին հայտնելու սպառնալիքով տղան նախ պահանջել է, որ աղջիկն իրեն ուղարկի ինտիմ լուսանկարներ, ապա՝ հարկադրել իր հետ ունենալ սեռական հարաբերություն, ինչը տեղի է ունեցել 2014 թվականի դեկտեմբերի կեսերին՝ Երևան քաղաքի բարերից մեկում:

Բացի այդ, 2015 թվականի հունվարի 6-ին Նարեկը «Facebook» սոցիալական ցանցում ստեղծել է աղջկա անվամբ անհատական էջ, որտեղ տեղադրել է աղջկա ինտիմ լուսանկարները, ինչը փակելու և նրան այլևս չանհանգստացնելու համար պահանջել 200.000 ՀՀ դրամ գումար՝ համաձայնելով գումարն ստանալ մաս-մաս:

2015թ. հունվարի 12-ին աղջիկը հաղորդում է տվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շրջանակում աղջկան տրամադրվել է հատուկ քիմիական մատիտով «140.1» գրառված 5 հատ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ: Նշված թղթադրամները վերջինս 2015թ. հունվարի 14-ին Երևանի Խանջյան փողոցում փոխանցել է տղային:

Նույն օրը նա բերման է ենթարկվել, եւ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել են վերը նշված թղթադրամները:

Պարզվել է, որ տղան անչափահաս է՝ 17 տարեկան (ծնվել է 1997թ. հուլիսին), ուստի` նույն օրը՝ 14.01.2015թ., որպես նրա օրինական ներկայացուցիչ է ճանաչվել հայրը և որոշում կայացվել` անչափահասին նրա հոր հսկողությանը հանձնելու մասին:

Քննությամբ պարզվել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ և 182-րդ հոդվածներով նախատեսված արարքները՝ շանտաժով սեռական հարաբերության հարկադրելու եւ անձին արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով գույքային պահանջ ներկայացվել է Արարատի մարզից՝ համակարգչի միջոցով: Ուստի՝ քրեական գործն ըստ ենթակայության ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինա կան ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել