Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին և զղջացել երեկվա կատարվածի համար

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս:

«Հելսինկյան ասոցիացիան» այս միջադեպը գնահատում է որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ կազմակերպության աշխատակիցներին բռնության են ենթարկում՝ կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել են կամ համապատասխան ընթացք չեն տվել:

«Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին», -ասված է հայտարարության մեջ:

«Հելսինկյան ասոցիացիան» հայտնում է, որ ԶԼՄ-ներին ուղարկվող հայտարարությունը պատրաստելու պահին Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Արման Վեզիրյանին, ներողություն խնդրել և հայտնել, որ զղջում է իր կատարածի համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել