Նախաձեռնության անդամների պահանջներն ավելանում եմ

Հուլիսի 6-ին «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել: Ըստ նախաձեռնության գրառման՝ այն միավորում է ազատ ու գիտակից մարդկանց, որոնք գործում են ինքնուրույն ու կամավոր սկզբունքներով:
«Մեր գործունեության ելակետային սկզբունք է ոչ բռնի պայքարը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովումը:
Մենք առաջնորդվում ենք մարդու հիմնարար իրավունքների, սահմանադրականության, իրավունքի և սահմանադրությանը համապատասխանող օրենքների գերակայության սկզբունքներով:
Մեր հավաքական նպատակն է կյանքի և մյուս բնական իրավունքների պաշտապանությունը, արդարության հաստատումը և արդարադատության իրականացումը և անպատժելիության մթնոլորտի վերացումը:
Մեր բոլոր գործողություններով մենք նպաստելու ենք Սահմանդրական կարգի հաստատմանը և իրավական պետության կերտմանը:
Մենք պահանջում ենք`
Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացն իր ավարտին հասցնելու, ինչպես նաև միջադեպի հանգամանքների ուսումնասիրության համար Ազգային ժողովում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերցնել ոստիկանության վարույթից և տեղափոխել Հատուկ Քննչական Ծառայության վարույթ: Իրականացնել անկողմնակալ քննություն, լինել հաշվետու և բաց:
Ռուբեն Հայրապետյանին հեռացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:
Դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ ու ձերբակալել, ինչպես նաև քրեական գործում ներգրավել հունիսի 17-ի հանցագործության հետ առնչված բոլոր անձանց (մանրամասն` տե’ս նախաձեռնության հայտարարությունն առ 04.07.2012):
Ապահովել տուժածների եւ նրանց հարազատների անվտանգությունը եւ բացառել հնարավոր ճնշումները նրանց նկատմամբ:
«Հարսնաքար» համալիրը ճանաչել որպես քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու իրավաբանական անձ ու պարտադրել վնասի փոխհատուցում տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Դադարեցնել «Հարսնաքար» համալիրի գործունեությունը` կյանքի համար անվտանգ ծառայություններ մատուցելու անկարողության հիմնավորմամբ:
Այս պահանջների իրագործմանն ուղղված մի շարք գործողություններին զուգահեռ` նախաձեռնությունը քաղաքացիներին մասնավորապես կոչ է անում`
բոյկոտել Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությունների մատուցած ծառայությունները և արտադրած ու ներմուծած ապրանքները (Բջնի, Նոյ, «Հարսնաքար», ADB բանկ և այլն)։
Ակտիվորեն մասնակցել Ռուբեն Հայրապետյանին մուտքի թույլտվություն չտրամադրելու պահանջով դիվանագիտական առաքելություններին ուղղված նամակի ստորագրահավաքին (https://www.facebook.com/events/359194837484395/), մասնակցել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ կազմակերպվող հրապարակային միջոցառումներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ստեղծվել է հունիսի 17-ին իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում վերջինիս թիկնազորի կողմից մի խումբ զինվորական բժիշկների խոշտանգումից հետո` խնդիր ունենալով հետամուտ լինել միջադեպի իրական պատկերի բացահայտմանն ու բոլոր մեղավորներին արդարադատության առջև կանգնեցնելուն: Հիշեցնենք, որ խոշտանգման ենթարկված ՀՀ քաղաքացիներից մեկը` բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, այդպես էլ գիտակցության չգալով, հունիսի 29-ին հեռացավ կյանքից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել